երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հարգելի՛ նախագահ Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին նպաստում է բռնապետության կայացմանը Հայաստանում. Սաղաթելյան

Հարգելի՛ նախագահ Մակրոն, Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին նպաստում է բռնապետության կայացմանը Հայաստանում. Սաղաթելյան

Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, ցավոք, խրախուսում է Հայաստանում ձևավորվող ավտորիտար համակարգը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի նախագահ Էմանուել Մակրոն,

Ձեր «աջակցությունը» Նիկոլ Փաշինյանին փաստացի նպաստում է ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության կայացմանը Հայաստանում և տարածաշրջանում նոր բռնապետի ի հայտ գալուն։

Վերջին տարիներին, երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները և Դուք խրախուսել եք Հայաստանի իշխանություններին, այսպես կոչված, «խիզախ քայլերի» համար, դա մեր ազգի համար ավարտվել է աղետով։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և հայաթափումը դրա ողբերգական վկայությունն է։
Միաջազգային հարաբերություններում այսպիսի հայտարարությունները, ընդհանրապես, դիտվում են որպես ուղիղ միջամտություն երկրների ներքին գործերին։

Հայաստանում քաղաքական ուժերը պայքարում են իրենց ինքնության, ժողովրդի իրավունքների, նաև իրական ժողովրդավարության համար:

Կարիք չկա հարվածել հայ֊ֆրանսիական բարեկամությանն ու ժողովրդավարության անվան տակ լեգիտիմացնել բռնապետության հաստատումը Հայաստանում»:

Նշենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր. «Ֆրանսիան համերաշխ է ՀՀ կառավարության հետ՝ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի դեմ պայքարում»:

  • Կիսվել: