հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հավասար իրավունքների երկիր կառուցելու ճանապարհին պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը. նախարար

Հավասար իրավունքների երկիր կառուցելու ճանապարհին պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի  իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղադրված «Անվախ աղջկա» արձանին:

«Սիրելի մայրեր, սիրելի կանայք և աղջիկներ, սիրով և սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Մայրության ու գեղեցկության տոնի առիթով։

Հավասար իրավունքների ու հնարավորությունների երկիր կառուցելու մեր ճանապարհին՝ հատկապես պետք է խրախուսել կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։ Մենք պետք է և անում ենք առավելագույնն ու ամեն հնարավորը` կանանց կարողությունների զարգացման գործում մեր ներդրումն ունենալու համար։

Եվ պատահական չէ, որ հենց այս խորհրդանշական օրը Կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցավ «Անվախ աղջկա» արձանի բացման արարողությունը, որը նպատակ ունի խրախուսել աղջիկների մասնակցության անհրաժեշտությունը կառավարման, որոշումների ընդունման, իրավունքների պաշտպանության ոլորտներում, զերծ մնալ սեռով պայմանավորված խտրականության դրսևորումներից։

Արձանի աղջիկը կանգնած է դեմքով դեպի Կառավարության շենքը․ վստահ, անվախ ու պահանջատեր։ Աղջիկ, ով քաջ է իր իրավունքները պաշտպանելիս ու իրացնելիս․ ունի իր ցանկություններն իրականացնելու կամքի ուժ ու համարձակություն։

Աղջիկների հզորացումը խրախուսող ու խորհրդանշող նմանատիպ արձաններ կան աշխարհի տարբեր քաղաքներում․ մեր տարբերակում հայ աղջիկ է՝ հայկական տարազով, գլխազարդով, ոգով:

Որպես լիազոր գերատեսչության ղեկավար և երկու աղջիկների երջանիկ հայր, հանձնառու եմ պաշտպանել աղջիկ երեխաների երազելու իրավունքն` իրենց երազանքներին հասնելու համար հավասար հնարավորությունների ապահովմամբ։

Շնորհակալ եմ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանին, իմ առաջին տեղակալ Տաթևիկ Ստեփանյանին, որոնց ելույթները որպես կին առաջնորդի կարող են շատերին մոտիվացնել, ինչպես նաև Արցախի մեր գործընկեր` Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանին մասնակցության համար»,-գրել է նախարարը։

  • Կիսվել: