հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բաքվի հանցագործությունները կարող են կրկնվել ՀՀ տարածքում․  Hartford Courant-ի անդրադարձը

Բաքվի հանցագործությունները կարող են կրկնվել ՀՀ տարածքում․ Hartford Courant-ի անդրադարձը

Hartford Courant թերթը անդրադարձել է Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումներին։ Հոդվածի հեղինակը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և քաղաքականության գծով տնօրեն Թոմաս Բեքերն է, ով զգուշացրել է, որ միջազգային հանրության անտարբերության պայմաններում մարդկության դեմ Բաքվի հանցագործությունները կարող են կրկնվել արդեն Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանական զորքերը 2020 թվականի դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղում առևանգել են Մելսին և 10 ամիս խոշտանգել նրան, սովամահ եղել և ստիպել վանկարկել «Ղարաբաղը Ադրբեջան է և փառք Ադրբեջանի նախագահին» արտահայտությունները,- գրում է թերթը։ 

Թոմաս Բեքերը նշել է, որ Մելսը գերությունից վերադարձել է Կարմիր Խաչի օգնությամբ, սակայն անճանաչելի վիճակում՝ խոշտանգումների պատճառով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հարցում է անցկացրել վերջին երեք տարիների ընթացքում ադրբեջանական խոշտանգումների 150 զոհերի շրջանում, որոնք հայտարարել են, որ «Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտման ճանապարհը տարիներ շարունակ հարթվել է»։ 

«Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները դարձել են Բաքվի հայատյաց քաղաքականության շարունակությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական բանտերում հայ ռազմագերիների վայրագ խոշտանգումները»,- գրում է թերթը։ 

Բեքերի թիմում, որը տեղեկություններ է հավաքում ադրբեջանական բռնության զոհերի մասին, ընդգրկված են իրավաբաններ, գիտնականներ և ուսանողներ Հարվարդից, Օքսֆորդից, Ուեսլեյան համալսարանից և Յեյլի համալսարանից:

Բեքերը զգուշացրել է, որ միջազգային հանրության անտարբերության պայմաններում մարդկության դեմ Բաքվի հանցագործությունները կարող են կրկնվել արդեն Հայաստանի տարածքում․ «Եթե մենք չբացահայտենք եւ հաշվի չառնենք այս վերջին ձախողումները, դրանք անխուսափելիորեն նորից կկրկնվեն, գուցե Հայաստանի հարավում, որը հայտարարվել է Ադրբեջանի հաջորդ թիրախը», - եզրափակել է հեղինակը:

  • Կիսվել: