երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Համավարակի առաջին ամիսներին ՀՀ-ում լոքդաունը միակ միջոցն էր պայքարելու վիրուսի տարածման դեմ. Անահիտ Ավանեսյան

Համավարակի առաջին ամիսներին ՀՀ-ում լոքդաունը միակ միջոցն էր պայքարելու վիրուսի տարածման դեմ. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: 

Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հետ համագործակցությամբ: 

Գագաթնաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: 

Պատվիրակությունները քննարկել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համավարակի առաջին ամիսներին Հայաստանում հայտարարվել է լոքդաուն, ինչի արդյունքում մարդկանց առանձին խմբեր, անհատներ մեկուսացվել են։ Բնականաբար, նմանատիպ միջոցառումներն այդ փուլում անհրաժեշտ և միակ միջոցն էին պայքարելու վիրուսի տարածման դեմ: Սակայն, հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հոգեկան առողջության վրա։ 

  • Կիսվել: