հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հաղորդում է ներկայացվել ԱԱԾ, ՀՔԾ, Գլխավոր դատախազին. Հայկ Մարությանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ

Հաղորդում է ներկայացվել ԱԱԾ, ՀՔԾ, Գլխավոր դատախազին. Հայկ Մարությանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ

Լենինգրադյան 23/7 հասցեում պլանավորվում է 4 հատ 16 հարկանի շենքի կառուցում: Այդ շենքերի կառուցման դեպքում մոտակա առանձնատների սեփականատերերը լուրջ խնդիր ունեն, քանի որ այդ շենքերից պարզապես դիտարկելու են մարդկանց անձնական, ընտանեկան կյանքը:

Մեր օրենսդրության համաձայն 1500 քռ/մ-ից ավելի շինարարությունը ենթակա է փորձաքննության: Իմանալով, որ նման բան է տեղի ունենալու՝ 2019 թվականին բնակիչներից մեկը դիմել է Երևանի քաղաքապետին՝ իմանալու համար, թե ինչ է արվելու: Պաշտոնական պատասխան է ստացվել, որևէ բան չի նախատեսվում անել, իսկ եթե արվի, լսելու են բոլոր կողմերի կարծիքները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Արդեն այս տարի Երևանի քաղաքապետը շենքերից մեկի հիմքի կառուցման համար թույլտվություն է տվել. «Արդեն այդ շինթույլտվությունը համարվում է ավարտված հանցակազմ»:

Փաստաբանը նշեց, որ մարդիկ, տեղեկանալով շինթույլտվության մասին, դիմել են դատարան ու վիճարկել այն. «Ըստ վարչական դատավարության օրենսգրքի, նման դեպքում շինթույլտվությունը կասեցվում է: Սակայն շատ անսպասելի, մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում հայտնեց մի նախագիծ, որի համաձայն, երրորդ անձի հայցի դեպքում վարչական ակտը չի կասեցվում: Թողը որևէ մեկը ինձ համոզի որ դա պատահականություն է»:

Աթանեսյանի խոսքերով, շինթույլտվությունը տրված է մի առևտրային ընկերության, որը երբեք շինարարությամբ չի զբաղվել. «Տեղեկություններ են հասնում, թե այդ մարդիկ հայտարարում են, որ իշխանությունն իրենցն է, ինչ ուզեն կանեն: Ոչ մի բան էլ չեք կարող անել»:

Փաստաբանը չի կարծում, թե ամեն ինչի հետևում կանգնած է քաղաքապետը, նա ավելի խոշոր խաղացողների է տեսնում. «Տեսնելով, որ պաշտպանության որևէ միջոց չի մնացել, որ իրենց լեգիտիմ համարող լկտիացած իշխանությունն անելու է շատ ավելի վատ բաներ, քան՝ ցանկացած ոչ լեգիտիմ իշխանությունը՝ հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին, ՀՔԾ»:

Փաստաբանը մանրամասներ չհայտնեց՝ միայն ասելով, որ եղել են հանդիպումներ. «Հաղորդումը վերաբերում է Հայկ Մարությանի կողմից այսինչ շինթույլտվությունը տալու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու պահանջին»:

Աթանեսյանը հայտարարեց, որ գնալու են մինչև վերջ, պահանջելու են, որ ամբողջ կոռուպցիոն շղթան բացահայտվի, մեղավորները պատժվեն. «Լկտիությունն այնքան մեծ է, որ չափ ու սահման չունի: Քանի որ այս պահին շինթույլտվությունը կասեցված է, քաղաքապետարանն այդ շինարարին թույլատրել է այդ տարածքում կատարել աղբահանություն:

Այդ տարածքում աղբ չկա, սովորական տարածք է: Աղբահանության անվան տակ կատարում են հողային աշխատանքներ՝ նախապատրաստվելով շինարարության: Թքած ունեն ամեն ինչի վրա, մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքի վրա, չէ որ իրենք «ժողովրդի ընտրյալն» են»:

  • Կիսվել: