շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գյումրիում մեկնարկեց Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Գյումրիում մեկնարկեց Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողովը

Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 13-ին մեկնարկեց Ընտանիքի միջազգային օրվան նվիրված համաժողով։

Միջոցառումն անցկացվեց Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Վորլդ Վիժն Հայաստանի» կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում՝ Շիրակի մարզպետարանի հետ համատեղ։ Ծրագրի իրականացման գործընկերներն են «Հույսի կամուրջ» ՀԿ-ն և ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը։

Համաժողովին մասնակցեցին Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը,  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը և Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը։ Միջոցառմանը մասնակցեցին նաև ԵՄ անդամ երկրների դեսպաններն ու ներկայացուցիչները։

«Ընտանիքը պետք է լինի ապահով տեղ, որտեղ յուրաքանչյուրը կարող է գտնել և վայելել հոգատարություն, որտեղ տիրում է արդարությունը, որը պարգև է ի նպաստ ներդաշնակ և հավասարակշռված կյանքի։ Անկախ ամեն ինչից, այն մնում է ամենաթանկարժեքը մարդկության համար։ Ներդրումներ կատարելով ընտանիքներում՝ մենք ներդրումներ ենք անում ապագայի համար»,- իր ողջույնի խոսքում նշեց դեսպանը:

 «Վորլդ Վիժն Հայաստանիի» տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը տեղեկացրեց, որ   ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ սերտ համագործակցության միջոցով «Վորլդ Վիժնը» և նրա գործընկերները իրականացնում են այս ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում երեխաների համար համայնքային որակյալ խնամքի և սոցիալական աջակցության հաստատմանը:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց 2019 թ. Հայաստանի 6 մարզերում (Սյունիք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ, Կոտայք) և Երևանում գործող այս ծրագրի արդյունքները։ Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը (այդ թվում՝ Հայաստանում խնամատարության ինստիտուտի զարգացմանը), բարձրացնել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների դիմակայունությունը՝ կանխելով մանկալքությունը և երեխաների կրկնակի մուտքը խնամքի հաստատություններ, նպաստել համընդհանուր ներառականության քաղաքականության զարգացմանը:

 «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի աջակցությամբ շուրջօրյա խնամքի հաստատությունների 506 երեխայի և նրանց ընտանիքների սոցիալական կարիքներն են գնահատվել։ Արդյունքում՝ երեխաները վերամիավորվել են ընտանիքների հետ։ Երեխաների հետ վերամիավորված ավելի քան 200 ընտանիքների հետ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարմանն ուղղված միջամտություն։ Նպատակը ընտանիքների տնտեսական կայունացումն է։

Ներկաները նշեցին, որ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի ընտանիքում մեծանալու, բարեկեցիկ և ապահովված կյանքի, պաշտպանված լինելու և ինչպես պետական այնպես էլ հասարակական ոլորտների  աշխատանքն ու ջանքերը պետք է միտված լինեն այս խնդիրների լուծմանը:

«Մենք մեր ընտանիքները սիրում ու փայփայում ենք, որպես Աստծո տված  պարգև և այս համատեքստում հիշում ենք նաև այն երեխաներին, որոնք ունեն այդ ընտանիքի ջերմության կարիքը, և, երբ ՄԱԿ-ն այս օրը հռչակում է սա ոչ թե օրացույցում ևս մեկ միջազգային օր  ունենալու մասին է խոսում, այլ հանրության ուշադրությունը ընտանիքի ինստիտուտի ու ընտանիքի խնդիրների և հատկապես երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի վրա հրավիրելն է»,- իր  խոսքում նշեց  ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը՝ հավելելով, որ ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությանը՝ հաստատությունները վերափոխել համայնքային ծառայություններ մատուցող կենտրոնների և հզորացնել ընտանիքները, որպեսզի վերջիններս կարողանան հոգ տանել իրենց երեխաներին:

Շիրակի մարզում ծրագրի շրջանակում աշխատանքներ են իրականացվել գիշերօթիկ հաստատությունում և բոլոր հանրակրթական դպրոցներում: Ծրագրի արդյունքում այս հաստատություններում ապրող երեխաները ընտանեկան միջավայրում ապրելու և դաստիարակվելու հնարավորություն ստացան՝ միաժամանակ օգտվելով համայնքային ծառայություններից։ Ծրագիրն օգնել է նաև Շիրակի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրմանը և դերակատարների կարողությունների հզորացմանը: Ծրագրի շրջանակում միայն Շիրակի մարզում 174 երեխա վերամիավորվել է իրենց կենսաբանական ընտանիքներին, կանխարգելվել է 38 երեխայի մուտքը հաստատություն:

Միաժամանակ ծրագիրը նպատակ ունի կանխարգելելու երեխաների մուտքը գիշերօթիկ խնամքի հաստատություններ և նպաստելու նրանց վերաինտեգրմանը իրենց իսկ ընտանիքներում կամ այլընտրանքային ընտանիքահեն միջավայրում:

 Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել  ներառական կրթության սկզբունքների ներդրման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության որդեգրած պետական քաղաքականությանը համապատասխան: 

«Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, ուղղված է երեխաների պաշտպանության համակարգային լուծումների մշակմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է նպաստել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների և նրանց ընտանիքների համար խնամքի և սոցիալական պաշտպանության որակյալ ծառայությունների ստեղծմանը: Այս ծառայությունները պետք է աջակցեն ընտանիքների հետ վերամիավորված կամ ընտանեկան միջավայրում ապրող երեխաների վերաինտեգրմանը համայնքներում և ընտանիքներում:

Միջոցառման շրջանակում Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում տեղի ունեցավ միջոցառում՝ նախկինում գործող շուրջօրյա խնամքի հաստատություններից ընտանիք վերադարձած երեխաներիև իրենց ծնողների մասնակցությամբ։

  • Կիսվել: