երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմին

Գյումրիում կիսակառույց շինության մոտ հայտնաբերվել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմին

Առեղծվածային և ողբերգական դեպք Շիրակի մարզում։ Այսօր՝ հուլիսի 24-ին ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային քրեական վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանն ու հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանը։

Պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։

Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի մասին Շիրակի մարզի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբ՝ վարչության պետ Սահակ Մկրտչյանի, տեղակալներ Արթուր Մնոյանի, Հովհաննես Պողոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։

Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։

  • Կիսվել: