Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը պնդում է՝ գյուղապետերից ազատվել է ոչ քաղաքական դրդապատճառներով
Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանը պնդում է՝ Կուրթանի և Վարդաբլուրի գյուղապետերից ազատվել է ոչ քաղաքական դրդապատճառներով:
«Վատ էին աշխատում»,- հավաստեց Գևորգյանը InfoPort-ի թղթակցի հետ զրույցում` միևնույն ժամանակ դժվարանալով բերել վատ աշխատանքի գեթ մեկ օրինակ:
Մինչդեռ համայնքի բնակիչներից շատերը մեր թղթակցի հետ զրույցում իրենց համայնքապետերից առանձնապես դժգոհություն չհայտնեցին, հակառակը դժգոհ էին Գևորգյանի աշխատանքից: Բազմաթիվ վիճելի հարցեր են լինում, որ վերջինս ուղղակի լուծում չի տալիս, բողոքում էին բնակիչները: Գևորգյանը խոշորացված համայնքը ղեկավարում է դեռ նախորդ իշխանությունների ժամանակներից և նրան առանձնապես դուր չի եկել, օրինակ Վարդաբլուրի ակտիվությունը սոցիալական ցանցերում, որով նա իր համակրանք է դրսևորել Լոռու մարզպետի գործունեության նկատմամբ:
Այդուհանդերձ Գևորգյանը դարձյան պնդեց, որ մեկ օրում երկու գյուղապետի ազատելը ոչ մի քաղաքական դրդապատճառ չունի: Նա նաև հայտնեց, որ Վարդաբլուրի գյուղապետի պաշտոնի համար արդեն թեկնածու կա, իսկ Կուրթանի դեպքում` ոչ: Համայնքի մյուս երկու գյուղապետերին Գևորգյանը ազատել չի պատրաստվում.
«Նրանք խելոք աշխատում են, իրենց գործն են անում»:
Մինչդեռ ավելի վաղ Վարդաբլուրի գյուղապետ Ռուսլան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Գյուլագարակ խոշորացված համայնքի ղեկավար Մհեր Գևորգյանն իր աշխատակազմով, ընդհուպ մինչև վարորդ, ներկայացել է իր աշխատասենյակ ր հրաժարականի դիմում պահանջել։ Եվ դա այն դեպքում, որ համայնքում բազմաթիվ սկսված, բայց դեռ չավարտվախ ծրագրեր էին ընթանում: Օհանյանը ասաց, որ պատճառը եղել է իր կողմից մարզպետի կամ որոշ ֆեյսբուքյան էջերում կատարված գրառումները հավանելը կամ նմանատիպ անհիմն մեղադրանքներ: Կուրթանի Գյուղապետի հետ, որը նույնպես այսօր է ազատվել աշխատանքից կապ հաստատել չհաջողվեց:



