ԳԹԿ-ն հորդորում է դիմորդներին բուհերի ընդունելության 2-րդ փուլին մասնակցել՝ պարտադիր նշելով բուհն ու մասնագիտությունը
Հանրապետությունում 2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման գործընթացն ավարտին է մոտենում։ Մայիսի 10-ը հայտագրման վերջին օրն է։ Հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ նրանք, որոնք հունվար-փետրվարին միասնական քննությունների առաջին փուլի ժամանակ քննություներ հանձնել են և ստացած գնահատականներն իրենց բավարարում են, միևնույն է պարտավոր են այս փուլում հայտագրմանը մասնակցել։
«Ինչպես գիտեք, ընդունելության քննությունները 2 փուլով են անցնում։ Դիմորդները կարող են քննություն հանձնել ինչպես հունվար-փետրվար ամսիներին, այնպես էլ հունիսին։ Սա հնարավորություն է տալիս, որ դիմորդները իրենց ուժերը փորձեն տարեսկզբին, ու եթե բացեր ունեն, ապա լրացնեն մինչև հիմնական փուլը։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ դիմորդներն առաջին փուլի ժամանակ ընտրում են միայն քննական առարկան, իսկ երկրորդ փուլի ժամանակ պարտադիր պետք է նշեն բուհը և մասնագիտությունը»,-ասաց Կարո Նասիբյանը։
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենն ընդգծեց, որ եթե անձը քննություն է տվել հունվարին ու գոհ է իր գնահատականներից, ապա դա չի նշանակում, որ ինքն ընդունվել է։ Նա պետք է ներկայիս փուլում անպայման մասնակցի հայտագրման գործընթացին ու անպայման նշի բուհն ու մասնագիտությունը։ Դա պարտադիր պայման է։
«Եթե դիմորդը 2-րդ փուլում չնշեց բուհն ու մասնագիտությունը, ապա նա դուրս կմնա։ Այսինքն՝ նույնիսկ եթե ունենա բարձր գնահատականներ, միևնույն է բուհ ու մասնագիտություն չընտրելու պարագայում չի կարող մասնակցել մրցույթին։ Ցավոք, մենք նախորդ տարի նման դեպքեր ունեցել ենք։ Դիմորդը բարձր գնահատականներ ուներ ու գիտեր, թե վերջ, էլ անելիք չունի, հետևաբար չէր նշել ոչ բուհը, ոչ մասնագիտությունը ու դուրս էր մնացել»,-հավելեց Կարոն Նասիբյանը։
Այս դիմորդները չեն կարողանալու մասնակցել նույնիսկ ընդունելության լրացուցիչ փուլին, որովհետև այդ փուլին մասնակցում են հիմնական մրցույթից դուրս մնցացածները։ Քանի որ նրանք ընդհանրապես մրցույթին չեն մասնակցել, հետևաբար չեն էլ կարողանալու օգտվել լրացուցիչ փուլի հնարավորությունից։
«Հետևաբար իմ հորդորն է դիմորդներին, նրանց ծնողներին ուշադիր լինել, պարտադիր մասնակցել հայտագրման գործընթացին, ընտրել բուհն ու մասնագիտությունը։ Ասեմ, որ ամենժամյա ռեժիմով կարող են հետևել հայտագրման շարժին, միտումներին։ Եթե կլինեն բուհեր, որտեղ իրենց ընտրած մասնագիտությունների գծով պահանջարկը մեծ կլինի, ապա հոգ չէ, կարող են փոփոխություն կատարել ու ընտրել այլ բուհ կամ այլ մասնագիտություն՝ մինչև հայտագրման վերջին օրը։ Միայն թե ընտրեն»,-ասաց Կարո Նասիբյանը՝ հավելելով, որ 4 հազարից ավելի դիմորդ կա, որ բուհի ու մասնագիտության հարցում դեռ իր ընտրությունը չի կատարել։
Կարո Նասիբյանը հիշեցրեց, որ ցանկացած պարագայում համակարգը հաշվի է առնելու դիմորդի ունեցած ամենաբարձր գնահատականը, անկախ նրանից այդ գնահատականը ստացել է հունվարի, թե հունիսի քննությունների ժամանակ։
2025 թվականի հունվարին քննություններին մասնակցելու համար դիմել է 11 հազար 608 դիմորդ, այսօր արդեն կա 12 հազար 820 դիմորդ։ Այս թիվը դեռ ավելանալու է, քանի որ հայտագրման գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին։