Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի եւ փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան
Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը:
«Հարգարժա՛ն գործընկերներ,
Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Վինկլերին բանաձևի վրա նվիրված աշխատանքի և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու խաղաղության հեռանկարներին տված ուշադրության համար:
Մեր վերջին հանդիպումից հետո մենք, իսկապես, նշանակալի առաջընթաց ենք գրանցել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ամբողջությամբ ավարտվել են, և մենք այժմ գտնվում ենք համաձայնագրի ստորագրման քննարկման փուլում: Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է իր պատրաստակամությունը ստորագրել այս համաձայնագիրը:
Սա պարզապես քաղաքական զարգացում չէ, սա շրջադարձային պահ է:
Տարածաշրջանը երկար տարիներ ընկալվել է որպես հակամարտությունների և առճակատումների գոտի: Այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ պատկերն ու ցույց տալու, որ նույնիսկ տասնամյակներ տևած հակամարտություններից հետո ազգերը կարող են ընտրել խաղաղությունը՝ երկխոսության միջոցով:
Մենք համոզված ենք, որ այս քայլով կարող ենք հստակ ուղերձ հղել. խաղաղությունը հնարավոր է, և այն կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխադարձ ըմբռնման շնորհիվ:
Մենք կարող ենք դառնալ դրական օրինակ աշխարհի համար. օրինակ այն մասին, թե ինչպես կարող են դժվար պատմություն ունեցող երկրներն առաջ նայել՝ չմնալով անցյալի գերության մեջ:
Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղությունը հնարավորություն կտա երկու երկրներին զարգանալ որպես տրանսպորտային և կապի հանգույցներ, ստեղծել առևտրային, էներգետիկ և մարդկանց միջև կապերի կամուրջներ և դառնալ օրինակ այն աշխարհում, որտեղ, ցավոք, երբեմն պատերազմն ավելի հեշտ ընտրություն է թվում, քան դիվանագիտությունը:
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն խրախուսել և աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ անցնելու համաձայնագրի ստորագրման փուլին:
Սա սպասելու պահ չէ, սա գործելու պահ է, և ձեր աջակցությունը կարող է որոշիչ դեր ունենալ այս պատմական քայլն իրականացնելու ճանապարհին:
Գործընկերնե՛ր,
Եկեք այս պահը վերածենք ուղենիշային մի պահի ոչ միայն մեր, այլ նաև գալիք սերունդների համար:
Շնորհակալություն»,- ավարտել է ելույթը հայ պատվիրակը: