երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Արդյունավետ քաղպաշտպանությունը օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում (տեսանյութ)

Արդյունավետ քաղպաշտպանությունը օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում (տեսանյութ)

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։
 
Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։
 
Ծառայության որակի լավարկման նպատակով Կամո Ցուցուլյանը կարևորել է տեխնիկական հնարավորությունների զարգացումը, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական և կրթական պատրաստվածության բարձրացումը՝ նշելով, որ այդ ուղղությամբ իրականացվող քայլերը կնպաստեն մարզում փրկարարական աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը։
 
Հնարավոր մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու կարողությունները բարձրացնելու նպատակով անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժանք՝ ռազմական դրության ժամանակ Լոռու մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի գործողությունների խաղարկմամբ։
 
Վարժանքի նպատակն էր գնահատել ծառայողների օպերատիվ արձագանքման և փոխգործակցության ունակությունները։
 
Երկփուլ ուսումնավարժության առաջին հատվածում խաղարկվել է մարզպետի աշխատակազմի գործունեության անցումը ռազմական դրության ռեժիմի։ Հստակեցվել են քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը և նրանց գործառույթների շրջանակը։
 
Ուսումնավարժության երկրորդ փուլում իրականացվել է ազդարարում և Վանաձորի կարի ֆաբրիկաներից մեկի աշխատակիցների կազմակերպված պատսպարում։
 
Այնուհետև խաղարկվել են ռմբակոծության հետևանքով վնասված տարածքներում իրականացվող փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ։
 
Կրակի բռնկման մասին ահազանգ ստանալուց րոպե անց նրանք արդեն դեպքի վայրում էին։
 
Հրշեջ-փրկարարական գործողությունների և համապատասխան տեխնիկական միջոցների
կիրառմամբ հրդեհը մարվեց կարճ ժամանակում և կանխվեց դրա տարածումն ու հնարավոր այլ հետևանքները։
 
Վարժանքի կարևոր հատվածներից էր տուժածների տարհանումը բարձրահարկ շենքից։ Կիրառելով պարանային հատուկ տեխնիկա՝ փրկարարները հաջողությամբ իջեցրին տուժածին վերնահարկից՝ ցուցադրելով իրենց գործնական պատրաստվածությունը, համակարգված աշխատանքն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։
 
Ուսումնավարժանքին ներգրավված էին նաև Ոստիկանության, Շտապօգնության աշխատակիցներ, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարմամբ զբաղվող ընկերությունների վթարային խմբեր։
 
Ուսումնավարժությունը ևս մեկ անգամ փաստեց, որ պատշաճ համակարգվածության, պատրաստված անձնակազմի և արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հնարավոր է դիմագրավել նույնիսկ ամենաբարդ ճգնաժամերին՝ ապահովելով բնակչության անվտանգությունն ու պաշտպանվածությունը։
 

  • Կիսվել: