երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Հովհաննիսյան

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում:

ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել:

Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար:

Համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը:

Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները:

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին:

Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, և այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան:

Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության համար, և մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբևէ»:

 

  • Կիսվել: