երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հայաստանի և Մալթայի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Մալթայի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր, Դատախազության՝ Դիլիջանում գտնվող նստավայրում, ընդունել է Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Մալթայի գլխավոր դատախազը Հայաստան է ժամանել՝ մասնակցելու ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում հուլիսի 1-ին մեկնարկող՝ «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովին։

Աննա Վարդապետյանը ողջունել է մալթացի գործընկերոջը և նշել, որ ջերմ հիշողություններ ունի նախորդ տարի Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Մալթա կատարած այցից, և դրան մեծապես նպաստել է Վիկտորիա Բութիջեյջի ջերմ ընդունելությունը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի 18-րդ տարածաշրջանային համաժողովին մասնակցությունը և համաժողովի շրջանակում ունեցած երկկողմ հանդիպումներն ու մասնագիտական նոր ծանոթությունները նպաստել են ՀՀ դատախազության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Հանդիպման ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

 

  • Կիսվել: