երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
«Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզը» քննարկվեց գործընկեր կառույցների մասնակցությամբ

«Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզը» քննարկվեց գործընկեր կառույցների մասնակցությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ հունիսի 30-ին տեղի  է ունեցել նախարարության նախաձեռնությամբ առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ հերթական` «Երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզ․ առկա տվյալներ և հաջորդ քայլեր» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել երեխաների առցանց իրավունքների պաշտպանության ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև համադրել մինչև այժմ իրականացված քայլերը և առաջիկա համագործակցության ուղղությունները։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, կարևորելով երեխաների առցանց անվտանգությունն ապահովելու և այս թեմայի շուրջ խորը միջգերատեսչական համագործակցություն ձևավորելու անհրաժեշտությունը, նշել է, որ երեխաների առցանց անվտանգությունը ՀՀ կառավարության կարևորագույն հանձնառություններից է: «Միջգերատեսչական ձևաչափով ստեղծել ենք աշխատանքային խումբ, որն աշխատում է համապատասխան օրենսդրական հիմքի, կրթական ծրագրերի և ենթակառուցվածքային լուծումների մշակման ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աշխատել միասին, որպեսզի առցանց տիրույթն ավելի վստահելի և պաշտպանված տարածք դառնա մեր երեխաների համար»,-ընդգծել է նախարար Հայրապետյանը:

Թեմայի շուրջ ելույթ են ունեցել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և Բրիտանական դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսը։ 

Աշխատաժողովին մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Արդարադատության, ՆԳ, ԿԳՄՍ նախարարությունների, ՄԻՊ գրասենյակի, Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Բրիտանական դեսպանատան ներկայացուցիչները։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ոլորտում կատարված վերջին քայլերը, ընթացիկ քաղաքական նախաձեռնությունները և ճանապարհային քարտեզի հիմնական ուղղությունները։ Առանձնացված անդրադարձ է կատարվել աշխատանքային խմբի գործունեությանը, որը կազմավորվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրամանով՝ ուղղված գերատեսչական միջոցառումների համակարգմանն ու համադրմանը։

Քննարկումների արդյունքում կողմերը հաստատել են համագործակցության շարունակականությունը՝ նպատակ ունենալով համատեղ ձևավորել անվտանգ, պատասխանատու և ներառական առցանց միջավայր՝ ի նպաստ Հայաստանի յուրաքանչյուր երեխայի։

  • Կիսվել: