շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզում Honda Accord-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Գեղարքունիքի մարզում Honda Accord-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:40–ի սահմաններում Honda Accord մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 56-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է հիվանդանոց և օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:

Վարորդը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Կարեն Ավետիսյանի ուղեկցությամբ տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1 –ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Բաղդասարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ռազմիկ Բոշյանի և Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Վրաերթի փաստով Ռ. Բոշյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 

  • Կիսվել: