Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվեցին կենցաղային կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման խնդիրներ
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց Կոշտ թափոնների կառավարման միջազգային փորձագետ, ծրագրի ղեկավար Կառեն Էբեռլիին և նրա գլխավորած թիմի անդամներին՝ ծրագրի ղեկավարի տեղակալ, Հենրիկ Տորեմարկին, ծրագրի ազգային փորձագետների խմբի ղեկավար Մարիա Բարաղամյանին, կոշտ թափոնների նախագծերի դիզայներ Գևորգ Մարտիրոսյանին, ֆինանսական գծով փորձագետ Արսեն Կարապետյանին, գրում է armenpress.am-ը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գեղարքունիքի մարզում կոշտ թափոնների կառավարման ծրագրի իրականացման հետ կապված տարաբնույթ խնդիրներ։ Կառեն Էբեռլին և նրա ղեկավարած թիմի անդամները մարզպետ Կարեն Սարգսյանին ուղղեցին բազմաբնույթ հարցեր՝ կապված կենցաղային աղբի հավաքման և տեղափոխման, աղբավայրերի շահագործման, համայնքների խոշորացման դեպքում կենցաղային կոշտ թափոնների կառավարման գործընթացի իրականացման, վարձավճարների սակագների սահմանման և գանձման կարգի, բնակչության աճի տեմպերի, զբոսաշրջության զարգացման հեռանկարների հետ։ Պատասխանելով բարձրացված հարցերին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ ներկա պահին համայնքներից հավաքագրվում է անհրաժեշտ տեղեկատվական բազան, որը կտրամադրվի Կոշտ թափոնների կառավարման միջազգային ծրագրի թիմի անդամներին, ապա կլինեն համատեղ քննարկումներ՝ ծրագիրն արդյունավետորեն կյանքի կոչելու համար։
«Մեր մարզում աղբահանություն իրականացվում է գրեթե բոլոր բնակավայրերում, բնակչությունը հիմնականում վճարում է աղբահանության դիմաց։ Համոզված ենք, որ ծրագրի ներդրման պայմաններում ևս գանձումների հետ կապված խնդիր չենք ունենա, այդ թվում՝ իրավաբանական անձանցից։ Մենք համատեղ պետք է կարգավորենք բոլոր տեխնիկական, իրավական, կազմակերպչական հարցերը, որպեսզի ունենանք կենցաղային կոշտ թափոնների կառավարման արդյունավետ մեխանիզմ, որակյալ ու անխափան սպասարկում։ Մարզպետարանը ձեր թիմին կաջակցի բոլոր հարցերում»,- նշեց մարզպետը։
Հանդիպման ավարտից հետո Կառեն Էբեռլին և թիմի անդամները Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցչի ուղեկցությամբ այցելեցին կենցաղային կոշտ թափոնների հավաքման վայրեր, աղբահանություն իրականացնող հիմնարկներ՝ տեղում ծանոթանալու աղբի հավաքման ու հեռացման, աղբավայրերի շահագործման գործընթացներին։