Գավառում իրավիճակը վերահսկելի է․ Քաղաքապետարան
Գավառում այս պահին իրավիճակը վերահսկելի է, լարվածություն չկա, InfoPort.am-ին տեղեկացրեց Գավառի համայնքապետարանի մամուլի քարտուղար Ալվարդ Մանուկյանը։
«Քաղաքում լարվածությունն անցել է, հավասարակշռված վիճակ է, ոստիկանության վերահսկողության տակ է այժմ քաղաքը», - ասաց նա։
Այլ հարցերի մամուլի քարտուղարը հրաժարվեց պատասխանել, նշելով, որ կատարվածից մանրամասներ ոստիկանությունը կհաղորդի։
Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:
«Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը: Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել», - նշված էր մամուլի հաղորդագրության մեջ։



