երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Գավառի ԲԿ-ում եղել է վիրավորն ու խնամողը․ վերջինիս վիճակը եւս ծանր է

Գավառի ԲԿ-ում եղել է վիրավորն ու խնամողը․ վերջինիս վիճակը եւս ծանր է

Տարբեր հատվածների կոտրվածքներ, տարբեր հատվածների հրազենային վնասվածքներ, ունեցել ենք երկու զոհ, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց, բայց գրանցվել է կենսաբանական մահ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գավառի ԲԿ վիրաբուժական բաժնի վարիչ Արամ Ավետիսյանը:

Բոլոր վիրավորների վիճակը, ըստ Ավետիսյանի, գնահատվել է որպես ծանր՝ բազմաթիվ հրազենային վնասվածքներով, բազմաթիվ կոտրվածքներով.

«Տարբեր հատվածների կոտրվածքներ, տարբեր հատվածների հրազենային վնասվածքներ: Ունեցել ենք երկու զոհ, որոնք նույնպես տեղափոխվել են հիվանդանոց, բայց գրանցվել է կենսաբանական մահ», - ասաց բժիշկը:

Ավետիսյանի փոխանցմամբ՝ ոստիկանական ուժերը ժամանել են անմիջապես հիվանդներին ընդունելուց հետո: Նա դժվարացավ նշել, թե քանի ոստիկան էր ժամանել, «բայց շատ էին»:

Հիվանդանոց ներխուժած անձինք, ըստ նրա, «ինչից հետո հեռացան՝ երբ որ հիվանդասենյակներից մեկում գտան իրենց փնտրած անձնավորությանը եւ արդեն հիվանդասենյակում հարձակում գործեցին արդեն հիվանդի վրա, դրանից հետո իրենց կամքով հեռացան հիվանդանոցից»:

«Այստեղ գտնվող վիրավորներին հասցրել են ծակած-կտրած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածների, ընթացքում նաեւ՝ սալջարդ վերքեր, հրմշտոց, եւ այլն, եւ այլն», - ասաց Արամ Ավետիսյանը:

«Մահ գրանցվել է երկու հոգի հիվանդանոցում՝ երկուսն էլ ունեցել ենք արդեն դրսում, ոչ թե հիվանդանոցում մահ: Դրսում մահ ենք ունեցել՝ երկու հոգի, բերել են հիվանդանոց, արդեն գրանցվել է, մեր մասնագետների կողմից, գրանցվել է կլինիկական մահ: Իսկ հարձակված մարդկանց, ում վրա որ հարձակում են գործել, մահ չի եղել», - փոխանցեց բժիշկը՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Երեւան ծայրահեղ ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ երեկ Գավառի ճանապարհին հնչած կրակոցների հետևանքով երկու հոգի մահացել էր: Կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Ըստ մամուլի տեղեկությունների նրանք ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր անել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձինք, և դանակով փորձել են կտրել նրանց երկուսի պարանոցները:

  • Կիսվել: