շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի 75%-ը Սևանա լիճ է լցվում առանց մաքրվելու․ «Հետք»

Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի 75%-ը Սևանա լիճ է լցվում առանց մաքրվելու․ «Հետք»

Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի միայն 25%-ն է հասնում կեղտաջրերի մաքրման կայան և ենթարկվում մեխանիկական մաքրման։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարում է, որ Սևանա լիճ միայն մաքուր ջուր պետք է լցվի, սակայն կեղտաջուրը մաքրելու ծրագրեր է ներկայացնում միայն կայաններ մտնող 25%-ի համար։ Նշված քաղաքներից արտահոսող կեղտաջրերի 75%-ը չի հասնում մաքրման կայան և միանգամից լցվում է հարակից գետեր, որոնք էլ թափվում են Սևանա լիճ։ Կառավարությունը ջրահեռացման համակարգ կառուցելու և կեղտաջրերն ամբողջությամբ մաքրման կայաններ հասցնելու ծրագիր չունի։ Այս մասին գրում է Հետք-ը։

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու նպատակով Կառավարությունը 2022թ․ դեկտեմբերին հաստատել է «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027 թթ․-ի կառավարման պլանը»։ Ըստ այդմ, դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ որոշել են արդիականացնել Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանները։ Պլանավորածի համաձայն՝ Գավառի կեղտաջրերի մաքրման կայանը (ԿՄԿ) շահագործման պետք է հանձնվի 2025թ․-ին, Մարտունու ԿՄԿ-ն՝ 2026թ․-ի երկրորդ եռամսյակում, Վարդենիսի ԿՄԿ-ն՝ 2027թ․ տարեվերջին։ 
 
 

Այս երեքից միայն Գավառի ԿՄԿ-ն հաստատուն ֆինանսավորում ունի՝ կայանիարդիականացումն իրականացվում է «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4SEVAN) ծրագրի շրջանակում։ Նախնական հաշվարկներով՝ Գավառի ԿՄԿ-ն արդիականացնելու համար կպահանջվի 803 մլն դրամ։ Ավելի քան 5,7 մլն եվրո արժողությամբ EU4SEVAN ծրագիրը 2020թ․ սեպտեմբերից իրականացնում են՝ Շրջակա միջավայրի նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)։ Ծրագիրն ավարտվելու է 2024թ․ օգոստոսին։

 

2023թ․ մայիսի 23-ին Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր ստորագրվեց՝ Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության («ECOServe» ծրագիր) միջև։ Գավառի ԿՄԿ-ն նախատեսվում է համալրել կեղտաջրերի պարզեցման HUBER ֆիրմայի կառուցվածքով, որն ավելի արդյունավետ կդարձնի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը:

Նշենք, որ Սևանա լճին կից համայնքներից երեքն ունեն կեղտաջրերի մաքրման կայաններ։ Դրանք կառուցվել են Հայաստանի անկախության շրջանում՝ 2013թ․-ին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տրամադրած «Սևանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակում։ Ծրագիրն ուղղված էր ջրակորուստների կրճատմանը, ինչպես նաև՝ Սևանա լիճ և Հրազդան գետ լցվող չմաքրված կեղտաջրերի նվազեցմանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: