երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, ծանոթացել վերականգնողական կենտրոնի հնարավորություններին

Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, ծանոթացել վերականգնողական կենտրոնի հնարավորություններին

Ճանաչողական այցով Վանաձորի բժշկական կենտրոն է այցելել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին:

Այս մասին հայտնում են ԲԿ-ից:

Դեսպանին հյուրընկալել է Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Տնօրենի աշխատասենյակում հյուրերը նախ առանձնազրույց են ունեցել, այնուհետ շրջել բժշկական կենտրոնում գործող՝ «Ազնավուր» հիմնադրամի և Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ և ջանքերով ստեղծված վերականգնողական կենտրոնում:

Վահագն Մկրտչյանը դեսպանին է ներկայացրել բժշկական կենտրոնի հնարավորությունները, խոսել սպասվելիք ձեռքբերումների ու ծրագրերի մասին:

Դեսպան Օլիվյե Դեկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համագործակցությունը բժշկական կենտրոնի հետ:

Տարածաշրջանում եզակի, բազմաֆունկցիոնալ նորագույն սարքավորումներով հագեցված Վանաձորի բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի եւ վերականգնողական բժշկության բաժանմունքը տարեկան սպասարկում է վերականգնողական բուժման կարիք ունեցող 300-350 քաղաքացիների:

  • Կիսվել: