շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Ես որոշումը կայացրել եմ. Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի նոր տնօրենի նշանակման մասին

Ես որոշումը կայացրել եմ. Շիրակի մարզպետը՝ հիվանդանոցի նոր տնօրենի նշանակման մասին

«Սերոբյանը մարդ է, ով ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ, ով տարբեր պրոցեսների ընթացքում ակտիվ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքում: Այս մասին այսօր տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ խոսելով «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»-ի նորանշանակ տնօրեն Ժորժիկ Սերոբյանի մասին, որն աշխատել է իր նախընտրական շտաբում:

Դիտարկմանը, թե արդյոք այս դեպքում շահերի բախում չկա, մարզպետը հակադարձեց, որ շահերի բախում կլիներ, որ տվյալ անձի մասնագիտական որակները չբավարարեին:

Մարզպետն ասաց.  «Ինձ համար որպես մարզպետ, հասկանալի չէ, ինչ սկզբունքով պետք է ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ հիվանդանոցում, իր իսկ երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործողություններ, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում, նույն հովանավորչության  լույսի տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով իրականացվել են մրցույթներ, ինչը նշված է առողջապահության նախարարության եզրակացության մեջ:

Այս պայմաններում եթե ես նշանակեի 15 տարվա տնօրենին, լրատվականներն ասելու էին` որեւէ բան չի փոխվել, արդյոք էս ամեն ինչը կար: Ես որոշումը կայացրել եմ, որոշումն իմն է, քննարկվել է ոլորտային դերակատարների հետ, եւ նշել, որ հիմնական պրոբլեմը կապված է կառավարման հետ»:

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը եւ Ժորժիկ Սերոբյանը:

Նշենք նաեւ, որ հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100% արդյունքով։ Այնուհետեւ Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է իր մտերիմ Ժորժիկ Սերոբյանին, ով «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու է եղել։

Ի դեպ՝ նախօրեին Աջողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ, չէր փոխի տնօրենին եւ կթողներ Աշոտ Կուրղինյանին:

  • Կիսվել: