երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, թե ինչու է Բաբաջանյանը իրեն վերագրել այդ երեք տառը չգիտեմ. Գևորգ Պետրոսյան

Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, թե ինչու է Բաբաջանյանը իրեն վերագրել այդ երեք տառը չգիտեմ. Գևորգ Պետրոսյան

«Ես որևէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով խորհրդարանում իր ելույթին, դրան հաջորդած Արման Բաբաջանյանի ելույթին, որից հետո բախում տեղի ունեցավ։

Գևորգ Պետրոսյանի խոսքով ՝ իրենց խմբակցությունը սադրանքի չի գնացել. «Եթե կասեն, որ մենք հակաիրավական վարքագիծ ենք դրսևորել, կքննարկենք դա»:

Այն դիտարկմանը, թե ինքը սրել է իրավիճակը, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ պատգամավորը խոսքի ազատության իրավունք ունի, որևէ մեկն իրավունք չունի նրան հետապնդելու դրա համար. «Եթե պատգամավորն էլ չունի խոսքի ազատություն, էլ ո՞վ ունի»:

Գևորգ Պետրոսյանը նաև նշեց, որ ինքը ազատություն չի տվել բռունցքներին, իսկ քաշքշոց էլ լինում է բոլոր խորհրդարաններում

Նա նաև հայտնեց, որ իրենց խմբակցությունում շարունակություն չեն տալու հարցին. «Մենք մեզ համար խաղաղ նստած ենք, եթե շարունակություն որոնող կա, թող գա որոնի»։

Գևորգ Պետրոսյանը նաև պատմեց, թե խորհրդարանում միջադեպն ինչից է սկսվել. «Ամեն ինչ սկվեց նրանից, երբ Արման Բաբաջանյանը ոգևորության փուլ էր ապրում: Իմ բացակայության ընթացքում նա ասաց, որ ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի: Ինչ-որ մեկ չէ, տղա ջան, անուն ազգանունս չգիտե՞ս: Էտ ի՞նչ խոսելու ձև է: Ես պատրաստ եմ ներողություն խնդրել, եթե հարուցել եմ երկրային ու երկնային օրենքների զայրույթը, բայց ես որևէ մեկին չեմ վիրավորել: Ինչո՞ւ է նա մտածել, որ թիրախում ինքն է»:

Նա միաժամանակ նշեց, որ իրենք «ռազբորկա չեն անում, ռազբորկի տեղը Ազգային ժողովի չի», պարզապես, մարդիկ կան, որ իրենք այսօր մեծամասնություն են, կարող են դահլիճում ճնշել դիմացինի այլախոհությունը: «Բայց ճնշելու տեղը ստեղ չի, դուրս կա, հասարակություն կա»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթին, ով Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, թե քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաև այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաև դրանց դեմ պետք է պայքարել»։

  • Կիսվել: