Երևանի Սայաթ-Նովայի պողոտայում վարորդը վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երաևնում: Ժամը 18:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Ա.-ն իր վարած Lexus GS 350 մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտայում՝ հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր երեխային նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Ռոման Ալոյանն ու Նարեկ Սաֆարյանը:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Հ. Պետրոսյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:


