Երբ որ ուզեցել են տատիկիս բռնшբարել, նա թուրք է վառել. քաղաքացին ուշագրավ պատմություն պատմեց
Ես բազմիցս գնացել եմ Արևմտյան Հայաստան, ծպտյալ հայերին կնունք եմ արել, Հայաստան եմ բերել, կնքվել են, այնտեղ մասնակցել եմ հարսանիքների, ու այսօր ինձ համար շատ ծանր օր է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am–ի հետ զրույցում նշեց գրող, բանաստեղծուհի ներկայացած քաղաքացին։
«Ինչպես եռաբլուրն է ծանր, այնպես էլ սա է ծանր, իմ եռաբլուրն է, ոչ թե տարբեր է, չէ։ Սա 15 թվականի եռաբլուրն է, նա՝ 1992, 2020, 2022–ի Եռաբլուրն է։ Ես արմատներով մշեցի եմ, պապիս տունը գտել եմ։
Տատիկս շատ հզոր տատիկ է եղել՝ անունը Հայաստան։ Երբ ուզեցել են տատիկիս բռնաբարել, նա թուրք է վառել, հալած յուղը լցրել է վրան ու փախել։ Ես իր թողնիկն եմ»,–ասաց նա։
Նրան ուղեկցող կինն էլ պատմեց, որ արմատներով ևս մշեցի է՝ Հացիկ գյուղից, որը Մեսրոպ Մաշտոցի գյուղն է. «Ռեսի ընտանիքից եմ, իշխանական ընտանիքից։ Ես դրանով չեմ պարծենում, ես պարծենում եմ այսօրվա իմ Հայաստանով, այսօրվա իմ հայրենիքով ու ուզում եմ, որ այն քարտեզը, որ մենք ունեցել ենք ծովից ծով Հայաստան, թող վերադառնա մեզ։ Բայց այդ վերադարձը չի կարող լինել հենց այնպես խոսքով, դատարկ անզեն ձեռքերով։ Մենք այդ անզենությունը գրքերով, գրիչով ենք ներկայանում և գիրքը ձեզ ենք տալիս։
Ես ուզում եմ ՝Հայաստանը դառնա միացյալ Հայաստան, որը կներառի նաև Արցախն ու Արևմտյան Հայաստանը»։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն այսօր բոլորովին այլ բան է ասում, որ այդ խոսույթը պատերազմ է բերում, նա արձագանքեց, որ դա ֆեյք է. «Պատերազմ չի բերում: Դա մեր հայրենիքն է, մենք դարերով ապրել ենք այնտեղ, բա այդ եկեղեցիները, վանքերը արդյոք ադրբեջանցինե՞րն են սարքել»։


