Ձորի ծառերի մեջ մխրճված ավտոմեքենայի վարորդը մահացել է
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 2-ին, ժամը 23:43-ին ահազանգ է ստացել, որ Գագարին-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։