կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դպրոցի տնօրենին կաշառք տալու մասին ձայնագրություններն ուղարկվել են Ոստիկանություն․ Երևանի քաղաքապետի խոսնակ

Դպրոցի տնօրենին կաշառք տալու մասին ձայնագրություններն ուղարկվել են Ոստիկանություն․ Երևանի քաղաքապետի խոսնակ

«Փաստերի ստուգման հարթակ» համացանցային լրատվական կայքում 02.09.2021 թ. հրապարակվել է «Կաշառք ու աշխատավարձի «ատկատ»՝ Երեւանի 122 դպրոցում» վերտառությամբ հոդված (հղումը մեկնաբանությունում)՝ Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար կաշառք վերցնելու եւ այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ։ 
 
Երևանի քաղաքապետիր մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ նկատի ունենալով, որ հրապարակված նյութն իր բովանդակությամբ հանցագործության մասին տեղեկատվություն է պարունակում, Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ հիշյալ նյութը եւ առկա ձայնագրություններն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ հանգամանքների իսկությունը ստուգելու եւ համապատասխան ընթացք տալու համար։
 
Հիշեցնենք, որ Երևանի 122 դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանը հայտնել է, որ նույն դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը իրենից կաշառք է վերցրել աշխատանքի ընդունելու համար, այժմ էլ պահանջում է աշխատավարձի մի մասը:
 
Ուսուցչուհին նշում է, որ 2019 թվականին տնօրենն աշխատանքի ընդունելու համար իրենից պահանջել ու ստացել է 1500 դոլարի չափով կաշառք: Այդ կաշառքը (այն անվանելով «շնորհակալություն») 2021 թ. ապրիլի 6-ին կատարած ձայնագրությունում ուսուցչուհին քննարկում է տնօրենի հետ՝ բողոքելով, որ չնայած դրան, իրեն տնօրենն այժմ չի ներառում երկարօրյա դասընթացների մեջ և թողնում է շատ փոքր աշխատավարձ: Կաշառքի մասին լսվում է ուսուցչուհու՝ ուսմասվար Հասմիկ Կանջարովայի հետ ապրիլի 8-ին կայացած խոսակցության ձայնագրությունում:
 
 

  • Կիսվել: