չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Դիրքերը մեր հարևանությամբ են գտնվում, նույն վիճակը մեզ մոտ է․ մենք ուղղակի գուցե մի քիչ ավելի լավ ենք ինքնակազմակերպվել. Գագիկ Սարուխանյան

Դիրքերը մեր հարևանությամբ են գտնվում, նույն վիճակը մեզ մոտ է․ մենք ուղղակի գուցե մի քիչ ավելի լավ ենք ինքնակազմակերպվել. Գագիկ Սարուխանյան

Իրավիճակը որ ներկայացվում էր հայտնի աղմուկ հանած տեսահոլովակում՝ մի տեղ ավելի վատ, մի տեղ ավելի՝ լավ, բայց հիմնակում ամենուր նույն վիճակն է։ Մենք պետք է հասկանանք, որ փաստացի կառուցում ենք նոր պետություն և նոր բանակ։ Յուրաքանչյուր կամավորական, որ գնում է սահման, պետք է գիտակցի, որ գնում է ամայի տեղ՝ զրոյից բանակ ստեղծելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Լեոնիդ Ազգալդյանի անվան վաշտի առաջին դասակի հրամանատար Գագիկ Սարուխանյանը, ում դասակը պահպանում է Կապանի Ագարակ համայնքի սահմանները։

«Հիմա ներկաներն ասում են, թե այն, ինչ կատարվեց՝ նախկինների 20 տարվա գործունեության արդյունք է, չգիտես ինչու փորձելով Լևոն Տեր-Պետրոսյանի հանցագործություններին չանդրադառնալ, իսկ նախկիններն ասում են, որ Նիկոլը դավաճան է։ Ես ուզում եմ ասել, որ երկու տարրն էլ կա։ Եթե անգամ Նիկոլը դավաճանություն չի արել, ապա վերջին 2 տարվա ընթացքում բարձիթողի վիճակը, միանշանակ, եղել է ու իրեն բազմիցս տեղեկացրել են, թե ինչ վիճակ է եղել և ինչ է պետք անել»։

Նա նշեց, որ իր վաշտով պատերազմի ժամանակ իրականացրել է Մատաղիսի պաշտպանությունը, ապա Լիսագորի անվտանգության ապահովումն է իրականացրել, իսկ հիմա Կապանում են։ «Դիրքերը, որի մասին տղաները խոսում էին տեսանյութում, մեր հարևանությամբ է գտնվում, նույն վիճակը մեզ մոտ է․ մենք ուղղակի գուցե մի քիչ ավելի լավ ենք ինքնակազմակերպվել։ Ինչ վերաբերում է դատարկ փամփուշտակալով զենքերին՝ դժվարանում եմ ասել, թե իրականում ինչի մասին է խոսքը։ Միգուցե, հրաձգության դադարեցման համար է դա արվում։ Միգուցե, իրենց մոտ փոքր ինչ ավելի ծայրահեղ իրավիճակ է, բայց վստահեցում եմ, որ դա հնարավոր է շտկել, դրա համար պատկան մարմինները պետք է արձագանքեն»։

Անդրադառնալով դիրքը լքելու պահանջին՝ նա նշեց, որ պետք է փորձենք հասկանալ, թե ինչ պատճառաբանությամբ է դա արվում։ «Մեր մոտ էլ կար հատված, որտեղ շենքի մի մասը թուրքերին էր պատկանում, մյուս մասը մերն էր։ GPS-ով այդպես էր անցնում սահմանը։ Մենք շենքի մի կողմում մեծ լուսավոր խաչ էինք տեղադրել, իրենք էլ շենքի մյուս հատվածում լուսարձակ։ Ռուսական կողմը պահանջում էր թողնել այդ դիրքը, հիմա՝ պետք է ենթարկվե՞նք հրամանին և տայի՞նք շենքի կեսը, թե՞ ոչ։ Եթե հավատարիմ պետք է մնաս փաստաթղթին, որ ստորագրել էր վարչապետը՝ ստիպված ես տալ։ Մեկ այլ տեղում էլ լեռան մի մասը մերն էր, մյուս կեսը՝ թուրքինը։ Կարմիր լարով գիծ էինք քաշել, վրան դատակ տարրաներ շարել սիմվոլիկ ու գիտեինք, որ դրանից այն կողմ իրենցն է։ Իրականում, տարածքը հանձնելու կամ տարածքից հեռանալու մի քանի պատճառ կարող է լինել, օրինակ, եթե GPS-ը ցույց է տալիս, որ իրենցն է, կամ եթե տարածքը հայկական է, բայց ներս ընկած է Ադրբեջանի տարածքի մեջ ու հնարավոր չէ այնտեղ մատակարարում ապահովել, պաշտպանություն ապահովել, ապա կարելի է 50-100 մետր նահանջել՝ նոր դիրք դնել, որ պաշտպանության համար հարմար լինի։ Այս դեպքում՝ ես չգիտեմ, թե ինչու են պահանջում հանձնել։ Տղաները գուցե իրավացի են իրենց զայրութի մեջ, սակայն զայրութի այդ աստիճանը պետք չէ ներկայացնել ի լուր ամբողջ աշխարհին»։
 

Նա ընդգծեց, որ տղաներից շատերը ինքնակամ գնացել են հայրենիք պաշտպանելու պատերազմի ժամանակ՝ առանց որևէ ակնկալիքի։ «Հետո գնացինք Լիսագորը պաշտպանելու, երբ պետությունն ասեց, որ դրա համար փոխհատուցում է տրամադրելու, հիմա Կապանում ենք պաշտպանություն իրականացնում ու դրա համար էլ մեզ պետությունը խոստացել է փոխհատուցում տալ, բայց մինչև օրս տղաներ կան, որ ոչ մի լումա չեն ստացել, բայց ջոկատում տղաներ կան, որ իրականում այդ գումարի կարիքը ունեն, շատերն այսօր էլի պատրաստ են մեկնելու, բայց այստեղ ընտանիքը պահելու խնդիր ունեն, հիմա չգիտեն՝ սկսեն ինտեգրվել քաղաքացիական կյանքին, թե նորից գնան սահման պահելու՝ թողնելով երեխաներին ու ընտանիքը։ Այսինքն, արդեն մի քանի ամիս է, ինչ պատերազմը վերջացել է, բայց այս խնդիրը դեռ ակտուալ է։ Ես դժվարանում եմ ասել՝ դա դիտավորյա՞լ է արվում, դիտավորյա՞լ է փորձ արվում թուլացնել կամավորականների շարքերը նվազեցնելու համար։ Այսինքն, դավադրությունը դեռ շարունակվո՞ւմ է, այն դեպքում, երբ Համահայկական հիմնադրամին ուղարկած գումարներից 60 մլն դոլարը փոխանցվել է պետբյուջե, ինչու մինչև հիմա ոչ ոք մի խելքը գլխին չհիմնավորեց»։

Անդրադառնալով զորամասերի կառուցմանը՝ նա նշեց, որ փետրվարին, երբ դեռ Կապանում էր, մի քանի գեներալներ են այցելել՝ տեղանքը ուսումնասիրել զորամաս կառուցելու համար ու հեռացել։ «Ես հասկանում եմ, պետությունը բարդ իրավիճակում է, բայց այդ հարցերը օպերատիվ լուծումներ են պահանջում։ Պետք է արագ հաշվարկենք, թե որքան ժամանակ և գումար կպահանջվի այդ զորամասերը կառուցելու համար, եթե տևական ժամանակ է պահանջվելու, ապա գումարի մի մասը կարող են ծախսել նվազագույն պայմաններ ապահովելու համար։ Ես օրինակ քնում էի խրամատում, խրամատից դեպի ներս փոս էի փորել, չոր խոտ լցրել ու քնապարկով՝ մինուս աստիճանի տակ քնում։ Հնարավոր է, չէ՞ նվազագույն պայմաններ ապահովել այդ սահմանին հերթապահություն ապահովող զինվորականի կամ կամավորականի համար։ Այն, ինչ կա՝ տղաներն իրենց ձեռքով են ապահովել, բայց պետությունը դեռ շարունակում է պարգևավճարներ տալ։ Գիտեք, երբ Մատաղիսում էի, մեզանից 1 կմ հեռավորության վրա տրակտորներ էին աշխատում, պարզվեց այդ տարածքը պատրաստում էին, որ քաղաքապետը իր ջոկատով պետք է գար։ Տենդերով շահած վրաներ էին տեղադրում, տարածքը բարեկարգում են, որ Երևանի քաղաքապետի ջոկատը պետք է գա, իրենք եկան, 2-3 օր մնացին ու օղու ու գարեջրի շշերը անտառով մեկ թողեցին ու գնացին։ Իրենց վրաններում փռած տախտակները պետք է տեսնեիք՝ կարծես պարկետ լիներ, իսկ հիմա մարդիկ սահմանին դեռ գիշերում են խրամատներում՝ աղվեսի բներում։ Դե հիմա թող քաղաքապետը, օրինակ, որևէ ջոկատի գումար տրամադրի դոմիկներ տեղադրելու համար, որպեսզի մարդիկ քնեն ժամանակավոր տնակներում, ոչ թե վրաններում։ Մինչև կկառուցվեն զորամասերը, բա ինչո՞ւ չեն անում։ Կամ չեն ուզում անեն, կամ էլ ուղեղները չեն հասնում։ Կարող եմ էլի հետաքրքիր խորհուրդներ տալ, ուղղակի լսող է պետք»։

  • Կիսվել: