Դիերը պատշաճ վիճակում պահված չեն եղել, բայց սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա. Ավանեսյան
Լուսանկարները նայելուց ցավ եմ ապրել, որ զինվորների հարազատները ստիպված են եղել կրկին զգալ այդ ցավը։ Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում, անդրադառնալով զինծառայողների դիերը նկուղում ոչ պատշաճ կերպով պահելուն և համապատասխան լուսանկարները համացանցում տարածվելուն, ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
՛՛Մասնավոր դեպքը, որ գրանցվել է Աբովյանի մասնաճյուղում, իր հետևանքները հստակ կերպով արդեն իսկ ունեցել է։ Մեր բոլոր դիահերձարաններում ունենք պահպանված մասունքներ, դիեր, որոնց մի մասը նույնականացված են, այսինքն՝ հստակ գիտենք՝ ու՛մ են պատկանում՛՛,-նշեց նա
Ավանեսյանն ասաց նաև. ՛՛Ունենք դիեր, որոնց վերաբերյալ ԴՆԹ պրոֆիլները բացված են, սակայն ծնողների բազայում որևէ նույնականացում չունենք, քանի որ կան ծնողներ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են անալիզ հանձնել։ Ունենք նաև 50-ի չափ խորը վնասված մասունքներ, որոնք մի քանի փորձաքննություններից հետո նույնիսկ հնարավոր չին եղել նույնականացնել՛՛:
Նախարարի պաշտոնակատարը միևնույն ժամանակ հերքեց նաև, թե շատ մասունքներ և դիակներ գաղտնի են պահվում։
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչու էին դիերը գտնվում անհարգալից վիճակում և բարոյական արժեքներին հակառակ՝ լցված էին սենյակներում, Ավանեսյանն արձագանքեց. ՛՛Այո, դրանք պատշաճ վիճակում պահված չեն եղել կոնկրետ այդ կետում։ Ծնողները մշտապես այցելել են դատաբժշկական մասնաճյուղեր, այդ կենտրոնների դռները մշտապես բաց են եղել ծնողների առաջ։ Այո, սա մասնավոր, շատ վատ վիճակ է եղել, որը արժանի է ամենախիստ գնահատականին, բայց ընդհանրացնել և մեկ մասնավոր սխալը տարածել ամբողջ համակարգի վրա՝ ճիշտ չէ՛՛։
Ավանեսյանի կարծիքով՝ ՛՛սա չպետք է դառնա քաղաքական էժան շահարկման առարկա՛՛: Նրա խոսքով՝ տեղափոխման գործընթաց է եղել, որի ընթացքում այդ մասնաճյուղի անփութության արդյունքում ունեցել ենք այն, ինչ ունեցել ենք:
՛՛Դա իր գնահատականն արդեն ստացել է։ Մասնաճյուղի ղեկավարը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, ՊՈԱԿ-ի տնօրենը խիստ նկատողություն է ստացել։ Կընթանա քննություն, և օրենքի շրջանակներում կիրականացվեն բոլոր քայլերը՛՛,-վստահեցրեց նախարարի պաշտոնակատարը
Անդրադառնալով գետնի վրա գտնվող պարկերին՝ Ավանեսյանը նշեց.՛՛Կա խիստ ընթացակարգ, թե ինչպես են փաթեթավորվում պատերազմից հետո բերված դիակները։ Դրանք հատուկ նշանակության պարկեր են, որոնք Կարմիր խաչի հետ միասին մշտապես թարմացվել են և որևէ այլ պարկ երբևէ չի օգտագործվել։ Լուսանկարներում առկա պարկերը հենց դիեր պահելու համար են, բա ինչի մեջ պետք է պահվեն՛՛։
Ղազարյանի հարցին, թե ինչ ջերմաստիճանում էին պահվում լուսանկարներում առկա դիերը, Ավանեսյանն ասաց, որ քննությունը դա կպարզի, և կտրվի իրավական գնահատական։
Նախարարի պաշտոնակատարն ասաց նաև, որ այն մասունքների մեջ, որոնցից չի հաջողվել ԴՆԹ անջատել, կարող են լինել նաև ադրբեջանցի զինվորներին պատկանող մասունքներ։