կիրակի, սեպտեմբեր 6
6 / 9 / 2026
Դեսպան Բալայանը Լյուվարդենի քաղաքապետին առաջարկել է դիտարկել քաղաքային տնտեսության կառավարման փորձը Հայաստանի ՏԻՄ-երին փոխանցելու հնարավորությունը

Դեսպան Բալայանը Լյուվարդենի քաղաքապետին առաջարկել է դիտարկել քաղաքային տնտեսության կառավարման փորձը Հայաստանի ՏԻՄ-երին փոխանցելու հնարավորությունը

Ապրիլի 1-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն աշխատանքային այց է կատարել Նիդերլանդների Ֆրիսլանդ մարզ:
 
Դեսպանը հյուրընկալվել է Լյուվարդեն քաղաքում գտնվող Նիդերլանդների ջրային համալսարանում, այցելել համալսարանի տարածքում գործող լաբորատորիաներ, որտեղ ոլորտի մասնագետները ներկայացրել են  ջրային կառավարման նիդերլանդական փորձը և գիտելիքները:
 
Տ․ Բալայանը ծանոթացել է Նիդերլանդների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող հսկայածավալ նորարարական լուծումներին, որոնց շնորհիվ ստուգվում է խմելու ջրի որակը, կատարվում բազմաշերտ զտման աշխատանք՝ ապահովելու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և շրջանաձև տնտեսության շարունակականությունը։
 
Դեսպան Բալայանը նիդերլանդացի գործընկերներին է ներկայացրել ջրային ոլորտում Հայաստանի կարիքները, նախանշվել են կոնկրետ ուղղություններով փոխգործակցություն հաստատելու գործնական մոտեցումները։
 
Դեսպանն այնուհետև հանդիպել է Լյուվարդենի քաղաքապետ Սիբրանտ ֆան Հարսմա Բյումաի հետ:
 
 
Դեսպանը Լյուվարդենի քաղաքապետին առաջարկել է դիտարկել քաղաքային տնտեսության կառավարման և բարեփոխումների նիդերլանդական փորձը Հայաստանի ՏԻՄ-երին փոխանցելու և ապակենտրոնացված համագործակցության խթանմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը, ինչին քաղաքապետը դրական է արձագանքել:
 
Դեսպան Բալայանի հաջորդ կանգառը Լյուվարդենի կաթնամթերքի համալսարանի և հետազոտությունների կենտրոնում էր, որը գործում է աշխարհահռչակ Վախենինգենի համալսարանի հովանու ներքո։
 
Կենտրոնի գործունեության վերաբերյալ շնորհանդեսից հետո դեսպանը շրջայց է կատարել տարբեր մասնաշենքերում տեղակայված արտադրամասեր, ծանոթացել կաթի արտադրության և որակի ստուգման ամբողջ գործընթացին։
 
Կենտրոնի ղեկավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ոլորտի հայ մասնագետների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, ինչպես նաև Հայաստանում նմանօրինակ հաստատություն հիմնելու հեռանկարների շուրջ։
 

  • Կիսվել: