ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներ չեն դիտարկվել

Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներ չեն դիտարկվել

2020թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Ըստ «Մեդիա պաշտպան»-ի, նշված ժամանակահատվածում դիտարկվել է 90 հոդված, որոնցից 22-ը՝ դրական, 68-ը՝ չեզոք։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին բացասական հոդվածներ չեն դիտարկվել։

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Դավիթ Տոնոյանին, գրել է. «Քաղաքական կարճամտություն է պահանջել ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականը, ով հրաշալի կատարեց իր առջև դրված խնդիրը»։

«Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Մարինե Սուքիասյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին էսկալացիային և ՈւԱԶ մակնիշի մեքենայի հետ կապված վարչապետի հարցադրումներին, գրել է․ «Ախր մարտական գործողությունների թեժ պահին վարչապետ Փաշինյանը ողջ աշխարհի առաջ դեռ ճշտում էր ադրբեջանական Ուազի ճակատագիրը և, եթե Դավիթ Տոնոյանը չոր չփակեր խոսակցությունը, Նիկոլը մոտ էր Ուազի տեխաստմոտրի և ԱՊՊԱ-ի հարցերին անցնելուն»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Ալիևին տրված Դավիթ Տոնոյանի պատասխանը, ասել է, որ այդ պատասխանն ավելի շատ սթափեցնող էր. «Ես կարծում եմ՝ Դավիթ Տոնոյանի հայտարարության կարևոր նպատակներից մեկը` հիշեցնել Ալիևին, որ ինքը կանգնած է հաղթած բանակի դեմ հանդիման և նմանատիպ ամպագոռգոռ հայտարարությունները կամ դրան հաջորդող ցանկացած հավանական սադրանք ավելի քան համարժեք պատասխան է ստանալու Հայաստանի և Արցախի զինված ուժերի ու պաշտպանության բանակի կողմից»։

 

  • Կիսվել: