կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ն կեղծիքներով շինթույլտվություն է ստացել․ նրան օգնել է դատավոր ամուսինը․ «Հետք»

Դատավորի կնոջ ղեկավարած ՍՊԸ-ն կեղծիքներով շինթույլտվություն է ստացել․ նրան օգնել է դատավոր ամուսինը․ «Հետք»

Վճռաբեկ դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանը նախորդ տարվա օգոստոսին այցելել է Զեյթունի 10-րդ փողոցի տներից մեկը։ Այցի նպատակը՝ ստանալ տանտերերի համաձայնությունը հարևան հողամասում ձեռնարկվելիք կառուցապատման համար։ Գրում է «Հետք»-ը։

Ամուսիններ Ռուզաննա և Գառնիկ Միրզոյանները Զեյթունի 10-րդ փողոցում տուն են գնել 30 տարի առաջ (նոր հասցեն՝ Վահե Վահյան փողոց)։ Այդ ժամանակ փողոցի գրեթե բոլոր տները մեկ-երկու հարկանի էին։ Իրենց պատակից հողատարածքը վերջին տարիներին մի քանի սեփականատեր է փոխել։ Նախորդ տարի Միրզոյանների տուն է այցելել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Արտակ Կրկյաշարյանը։ Նա ամուսիններին հավաստիացրել է, որ ազատ հողատարածքը գնել է իր աներորդին, և ինքը ցանկանում է նրա համար երկհարկանի տուն կառուցել։ Ամուսիններին խնդրել է տալ գրավոր համաձայնություն։

«Արտակ Կրկյաշարյանը մտավ մեր տուն, մենք աներորդի չենք տեսել։ Եկավ մեր փողոցից մեկի հետ։ Ամուսնուս ասեց՝ ստորագրեք, երկհարկանի, իմ տան պես տուն եմ սարքելու այստեղ։ Ամուսինս ստորագրեց՝ չիմանալով, թե ինչ են ուզում իրականում անել: Ձեռագիր գրված երկու տող է եղել, որի տակ ստորագրվել է»,- Արտակ Կրկյաշարյանի հետ հանդիպումից մանրամասներ պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Դատավորին զգուշացրել են, որ կառուցապատելուց պետք է իրենց տնից սահմանված հեռավորությունը պահպանվի, որի վերաբերյալ ստացել են պատասխան, թե քաղաքապետարանը նման հարցերում խիստ է, թույլ չեն տա՝ պատին կպած կառուցապատում լինի։

Այդ հանդիպումից ամիսներ անց Միրզոյանների հարևան հողամասում ծանր տեխնիկայով սկսում են հիմքեր փորել, որի ժամանակ իրենց տան պատերը ճաքում են։ «6-7 մետր փորել էին։ Ասեցինք՝ էս ինչ եք սարքում, մենք նման թույլտվություն չենք տվել։ Ասեցի՝ թղթերը բերեք, տեսնենք ինչ եք դրել տակը, ոչ մի բան ցույց չտվեցին։ Մակետը վերջերս ենք տեսել»,- պատմեց Ռուզաննա Միրզոյանը։ Ստորգետնյա հարկը կառուցելուց հետո ամուսինները նկատում են, որ նորակառույց շինության պատը (0 նիշից վերև) շինարարները փորձում են իրենց տան պատին կպած կառուցել։ Փորձում են կանխել այդօրինակ շինարարությունը, սակայն հաջողություն չեն ունենում։

Տեսնելով, որ որևէ կերպ չեն կարողանում ազդել շինարարության վրա՝ դիմում են Երևանի քաղաքապետարան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմ, վարչապետին ենթակա Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմին, դատարան, դատախազություն, Քննչական կոմիտե։ Պետական որևէ կառույցից պատշաճ արձագանք չեն ստանում։ Դատական գործին առանձին կանդրադառնանք։ Վերջին օրերին մի նամակով էլ դիմել են նաև փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։

Կառուցապատման ծրագիրը, ընթացիկ իրավիճակը

Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի հողամասի սեփականատերը Հայաստանի և ՌԴ քաղաքացի Գրիգորի Հովսեփյանն է։ Նրան է պատկանում 2022 թ.-ին հիմնադրված «Ապագ-ա դեվելոփմենթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը։ Ընկերության տնօրենը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արտակ Կրկյաշարյանի կինն է՝ Լուսինե Դավթյանը։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022 թ.-ի մայիսի 17-ին Գրիգորի Հովսեփյանին տվել է նախագծման թույլտվություն։ Կառուցապատողը պետք է նախագիծը կազմեր 3 վերգետնյա և 1 մանսարդային հարկով շինության համար, որը հնարավոր է ունենար ստորգետնյա հարկ։ Ըստ նախագծման թույլտվության՝ պետք է նախագծվեր «բազմաբնակարան բնակելի տուն»։ Այդ թույլտվությունից 7 ամիս անց՝ 2023 թ.-ի հունվարին, քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կառուցապատողին շինթույլտվություն է տալիս։ Նախագծման և շինարարության թույլտվությունների տրման միջանկյալ ժամանակահատվածում է, որ դատավոր Կրկյաշարյանը կորզում է հարևանների համաձայնությունը, որը հետագայում, հավանաբար, կեղծվում է։ Համաձայնություն ստանալը Կրկյաշարյանի առաջին գործերից մեկն է լինում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի պաշտոնում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ընտրվելուց հետո։

«Հետքը» Երևանի քաղաքապետարանում ուսումնասիրեց Զեյթունի 10-րդ փողոց 15 հասցեի կառուցապատման ծրագրի փաստաթղթերը՝ հարևանների համաձայնությունների թղթի բնօրինակը տեսնելու ակնկալիքով։ Մեր սպասելիքները չարդարացան։ Փաստաթղթերի տրցակում բնօրինակի փոխարեն տպագրական սարքով տպված 2 փաստաթուղթ գտանք (12)։ Կառուցապատվող տարածքի հարևան Միրզոյան ամուսինները մեզ հայտնել էին, որ դատավոր Կրկյաշարյանի ներկայացրած և իրենց ստորագրած փաստաթուղթը ձեռագիր է եղել և չի ունեցել կից սխեմա, հատակագիծ, որից հնարավոր կլիներ հասկանալ կառուցապատման իրական ծավալը։ Մինչդեռ քաղաքապետարանում բոլորովին այլ փաստաթուղթ է դրված փաթեթում։

Հունիսի 13-ի դրությամբ դատավորի կնոջ ղեկավարած ընկերության կողմից իրականացվող կառուցապատումը մեծ թափով շարունակվում է։ Ստորգետնյա և 1 վերգետնյա հարկերի բետոնե հենասյուները կառուցված են։

Վարչական դատարանը չի կասեցրել շինարարությունը

Միրզոյանները, հասկանալով, որ պետական որևէ կառույց չի պատրաստվում դատավոր Կրկյաշարյանի հետ կապված շինարարությունում խնդիր տեսնել, դիմում են դատարան։ Վարչական դատարանից պահանջում են վերացնել Հրաչյա Սարգսյանի տված շինթույլտվությունը։ Միևնույն ժամանակ դատարանին խնդրել են, որ կասեցնի շինարարությունը մինչև վերջնական դատական ակտի կայացումը։ Դատավոր Մհեր Պետրոսյանը Վճռաբեկի դատավորի հետ կապվող շինարարությունը կասեցնելու միջնորդությունը մերժել է։

Շինթույլտվությունը վերացնելու պահանջով դատական առաջին նիստը նշանակվել է սեպտեմբերի 9-ին, երբ շինարարության մեծ մասը գրեթե արված կլինի։ Հավանաբար, դատական ակտի կայացման ժամանակ շենքը շահագործման հանձնված կլինի, քանի որ շինթույլտվությամբ շինարարությունը պետք է իրականացվի մինչև 2024 թ.-ի փետրվարի 9-ը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

  • Կիսվել: