Ցույց եք տալիս, որ Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա, բայց այդպես չէ. Մարուքյան
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը քննարկման ժամանակ հայտնեց, որ Արևելյան Եվրոպայի երկրները ներգաղթյալների մեծ հոսքի խնդիր ունեն, իսկ Հայաստանն օբյեկտիվորեն առայժմ այդպիսի խնդիր չունի։
«Սա չի նշանակում, որ մենք պիտի ուղղակի, առանց ինչ-որ զսպող կամ երաշխավորող գործիքների բացվենք ամբողջ աշխարհի առաջ, բայց միևնույն ժամանակ եկեք չխաբենք մեզ՝ աշխարհի բոլոր մարդիկ նստած չեն սպասում, թե երբ են ներգաղթելու Հայաստան՝ բարեբախտաբար և միաժամանակ՝ ցավոք»,- ընդգծեց նա։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց՝ հիշեցնելով Հրանտ Բագրատյանի հայտարարությունը։
«Պարոն Բագրատյանը նման հայտարարություն է արել և ձեր իշխանությունը չի պատասխանել, հետևաբար ընդունում եք այդ հայտարարությունը, որ ներգաղթի թվերը մանիպուլացնում եք այլ ազգերի՝ Հայաստանի մուտքով։ Ընդհանուր ստատիստիկան ցույց եք տալիս, թե Հայաստան շատ լուրջ ներգաղթ կա, մեծ հոսքերով հայկական գաղթօջախներից գալիս են, բայց պարզվում է, որ այդպես չէ։ Լավ կլինի, պարոն Ռուբինյան, որ ձեր իշխանությունը հստակ պատասխանի այդ հայտարարությանը, որ մենք՝ ըստ ձեզ, չմանիպուլացվենք պարոն Բագրատյանի կողմից»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
Ռուբեն Ռուբինյանն էլ նկատեց, վերջինս թվերին չի ծանոթացել։ «Պարոն Մարուքյան, եթե գնանք մանիպուլյատիվ ուղղով, կարող ենք ասել, որ մի 100․000 Հնդկաստանի քաղաքացի՞ է եկել Հայաստան, ու սենց ցույց են տալիս, որ լցնում են»,- ասաց Ռուբինյանը։
Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ 37 հազար հնդկացի կա, Ռուբինյանն էլ հակադարձեց, թե դա սխալ թիվ է։ «Պարոն Մարուքյան, հույս ունեմ՝ բացի Բագրատյանից, մեկ-մեկ քաղաքական այլ գործիչների էլ կլսեք»,- ասաց նա։