երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք ԵՊԲՀ-ում

Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք ԵՊԲՀ-ում

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
 
Միջոցառման նպատակը ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակի բարձրացումն էր: Ուսումնավարժության թեման էր «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում»:
 
Ուսումնավարժանքին ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, բժշկական մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, և այլք:
 
Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը, և հնարավոր է օդային հարձակում Երևան քաղաքի վրա: Ուսումնավարժանքի ընթացքում գործարկվել է Երևանի պետական բժշկական համալսարանի շչակը, ցուցադրվել են տարբեր իրավիճակների ժամանակ իրականացվող միջոցառումները:
 
Այնուհետև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից այդ գերատեսչության հետ արդյունավետ համագործակցության համար պարգևատրվել են ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, Տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը և Ռազմաբժշկական կրթագիտական կենտրոնի տնօրեն Սամվել Գալստյանը:

  • Կիսվել: