շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՊԲՀ-ին հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը

ԵՊԲՀ-ին հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը

Բարձրորակ բժշկական կրթությունը հասարակության կյանքի որակի կարևոր ցուցիչ է. ԵՊԲՀ-ին հանձնվեց միջազգային հավատարմագրման հավաստագիրը:

Գիտական խորհրդի նիստի ընթացքում կայացավ բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը, ինչը համախմբել էր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, ապագա բժիշկներին, հյուրերի:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչները, որոնք բուհի ղեկավարությանը փոխանցեցին միջազգային կարևոր այս փաստաթուղթը։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հպարտությամբ նշեց, որ տասնյակ տարիների` միջազգայնացմանն ուղղված աշխատանքը սկսվել է դեռևս 1958 թվականին, և 1987 թվականից արդեն բժշկական բուհն ունեցել է օտարազգի ուսանողներ, իսկ 2000 թվականից՝ ռեկտոր Վիլեն Հակոբյանի ջանքերով անգլալեզու ուսուցում։

«Մենք կարողացանք ամենադժվարին, ամենակոշտ պայքարի պահին այսօր ամփոփել մեր աշխատանքը։ Ինչու՞ դժվարին, որովհետև, երբ սկսվում էին աշխատանքները, կարծես թե, միջազգային հավատարմագրման սուր անհրաժեշտություն չկար։ Այսօր էլ պետք է ֆիքսել հետևյալը․ մեր առջև դրված համար մեկ նպատակը որակն էր, որակյալ բժշկական կրթություն, համագործակցություն աշխարհի բոլոր հնարավոր կրթական համալիրների հետ, որոնք ունեն ճանաչելիություն: Բժշկական համալսարանն անցել է հավաստագրման գործընթացը, աշխարհում գործող 4000 բժշկական բուհից ընդգրկվել է 400-ի մեջ, այսինքն՝ այն 10 տոկոսի մեջ է, որն աշխարհում տրամադրում է միջազգային կրթություն: Մենք ճանաչելի ենք, մեր իրականացրած ծրագրերը ճանաչելի են: Մեր շրջանավարտներն ընկալելի են իրենց ավարտական փաստաթղթով, իրենց գիտելիքներով և հմտություններով», - ասաց նա` համոզմունք հայտնելով, որ այսօրվա իրադարձությունը մեծ հնարավորություններ և մարտահրավերներ է բացում շրջանավարտների առջև:

Ռեկտորի գնահատմամբ` Հայաստանի ապագան կրթությունն է, քանի որ պաշտպանված ժողովուրդը կրթված ժողովուրդն է, որն ունի մեծ ապագա։ Այդ առումով այս համալսարանն իր պարտքն ամբողջովին կատարել է և շարունակելու է ձևավորված սկզբունքներին համահունչ աշխատանքները:

«7 տարով ստացած այս հավաստագիրը վկայում է, որ բժշկական համալսարանում առկա ծրագրերը համապատասխանում են միջազգային նորմերին, սա ունի մեծ նշանակություն թե՛ բժշկական օգնության որակի առումով, թե՛ ֆինանսական, տնտեսական, սոցիալական, դիվանագիտական գործընթացներում»,- նշեց նա`

հայտնելով, որ սեպտեմբերից կվերանայվեն ուսման վարձավճարները, 1-3-րդ կուրսերի դասախոսների աշխատավարձերը:

Վրաստանից ժամանած միջազգային փորձագետ Կոնստանտին Չոկորաիան գոհունակությամբ նշեց․ «Ուրախ եմ այսօր լինել այստեղ՝ ձեզ հետ, և շնորհավորել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին այս մեծ հաջողության համար։ Համապատասխանեցված ընթացակարգերով այս հավատարմագրումը ճանաչված է WFME-ի (World Federation for Medical Education) կողմից։ Շատ կարևոր է, որ բոլոր ընթացակարգերն անցկացվել են աշխատասիրության, բաց և թափանցիկ գործելակերպի, համակարգման սկզբունքների համաձայն։ Այս որոշումը կարևոր է ոչ միայն Հայաստանի և ԵՊԲՀ-ի, այլև Վրաստանի համար, քանի որ սա առաջին միջազգային հավատարմագրումն էր, և այն հաջողություն ունեցավ։ Շնորհակալ ենք նաև դրա համար։ Յուրաքանչյուր հաջողության հետևում, անշուշտ, կանգնած են մարդիկ։ Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բժշկական համալսարանի հրաշալի թիմին՝ պրոֆեսոր Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ: Դուք և Ձեր թիմն ունեք տեսլական և անպայման կհաջողեք»:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախ և առաջ, իր ղեկավարած գերատեսչության անունից շնորհավորեց ներկաներին, քանի որ այսօրվա նշանակալից իրադարձությունն, առաջին հերթին, նրա խոսքով, վկայում է մեծ թիմի` տարիների հետևողական աշխատանքի մասին:

«Շատ կարևոր է այս աշխատանքը նաև գնահատել, կարևոր է ստանալ աշխատանքի գնահատականն այն հավաստագրի տեսքով, որն այօր փոխանցվեց: Առաջին հերթին, ուզում եմ շնորհակալություն հայտնել հետևողական, որակյալ և անխոնջ աշխատանքի համար, որը, ինչպես միշտ, տալիս է արդյունք, և կարևոր է այս պահերին գիտակցել, որ բոլոր դժվարությունները հաղթահարվում են և տալիս են այն սպասված ցուցանիշները, որոնք առաջ են մղում համալսարանը: Իհարկե, բժշկական կրթությունը շատ սպեցիֆիկ ոլորտ է, դրա կարգավորումը տարբեր երկրներում առանձնահատուկ և լրացուցիչ ընթացակարգեր է պահանջում, հետևաբար է'լ ավելի կարևոր է այն արդյունքը, որն այսօր կա, որովհետև այդ տարբերությունների և առանձնահատկությունների մեջ լինել ճանաչելի, գնահատված և ընդունված նշանակում է նաև, չնայած տարբերություններին և առանձնահատկություններին, մի բան անփոփոխ է, դա որակն է, և այդ որակը ճանաչվում և ընդունվում է այն չափանիշների ու համակարգի միջոցով, որն այդքան հեղինակավոր է և որտեղ լինելը արդեն իսկ պատիվ է, հաջողություն», - ելույթում ասաց ԿԳՄՍ նախարարը` հավելելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է բժշկական համալսարանի այս ջանքերը և շարունակելու է հետևողականորեն աջակցել, որովհետև կրթության ռազմավարության կարևոր մի նախապայման է բուհերի որակի բարձրացումը և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ունենալը:

«Եվ այդ իմաստով այն ճանապարհը, որն իրականացվում է, միանշանակ ճիշտ ուղղությամբ է և մենք էլ մեր կողմից նպաստելու ենք, որ այդ քայլերը լինեն առավել ոգևորող և տեսանելի: Այս տարվա ընթացքում առիթ ունեցա բժշկական համալսարանի կրթական գործունեությանն առնչվել որպես ծնող` դեռ դպրոցական մակարդակում, և շնորհակալություն եմ հայտնում հետևողական աշխատանքի համար, որը կատարվում է կրթական տարբեր մակարդակներում և որի առանցքը մեկն է, որպեսզի մեր երեխաները, հայ և օտարազգի ուսանողները ստանան այն կրթությունը, որը հնարավորություն է տալու ամբողջությամբ իրենց իրացնել` չմոռանալով, որ այդ իրացումը մի մասնագիտություն է, որից կախված է հանրային առողջությունը», - շեշտեց նախարարը:

Նա ընդգծեց, որ բարձրորակ բժշկական կրթությունը հասարակության կյանքի որակի կարևոր ցուցիչ է, որովհետև բարձրորակ բժիշկներ և բժշկական ոլորտի բարձրորակ մասնագետներ պատրաստելն, առաջին հերթին, երաշխավորում է, որ մեր հանրային առողջապահությունը և հանրային առողջությունը կարող են լինել բավարար մակարդակի` անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելով ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև մեր երկիր առավել հաճախ եկող օտարերկրացիների համար:

Շնորհավորելու առիթները բազմաթիվ են, և, Ժաննա Անդրեասյանի խոսքով, պետք է ոգևորվել և մոտիվացվել հետագա աշխատանքի համար` ավելի մեծ բարձունքների հասնելու նպատակով:

Այսպիսով, պետք է փաստենք, որ այսօր բուհին փոխանցված հավաստագիրը վկայությունն է այն բանի, որ բժշկական համալսարանի կրթությունն ընկալելի, ընդունելի և չափելի է միջազգային դաշտում։

Նիստի ավարտից առաջ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը մեծ վաստակի, երկարամյա և անձնվեր աշխատանքի համար ԵՊԲՀ շնորհակալագրեր հանձնեց համալսարանական 6 կին ներկայացուցչի:

«Կանայք կարողանում են ժպիտ պարգևել և հնարավորություն ընձեռել` իրականացնելու ամենաանհավանական, ամենաբարձր նպատակները», - շեշտեց Արմեն Մուրադյանը` առաջարկելով իգական սեռի ներկայացուցիչներին կանանց միջազգային օրվա առիթով շնորհավորել հոտնկայս:

Հավատարմագրման գործընթացում աջակցության համար բժշկական բուհի շնորհակալագրերի արժանացավ նաև արտերկրի երեք փորձագետ

  • Կիսվել: