չորեքշաբթի, հունիս 11
11 / 6 / 2025
Չայնիի ոլորաններում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն, Lexus-ն ու 06-ը. կա վիրավոր

Չայնիի ոլորաններում բախվել են ճանապարհային ոստիկանության Toyota-ն, Lexus-ն ու 06-ը. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus-ը, Toyota  Corolla-ն և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին և 2 –րդ դասակների ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, 1-ին դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և 2-րդ դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ Toyota  Corolla-ն հաշվառված է ՀՀ  ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում և ավտոտեսուչը  ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է Lexus-ի վարորդին: Lexus-ն ու Toyota-ն  երթևեկելի գոտուց դուրս կանգնել են և այդ պահին 06-ը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Toyota–ին, Toyota էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Lexus-ին:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի և հատկապես կարևոր գործերով  ավագ քննիչ Տիգրան  Բաղյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: 

  • Կիսվել: