կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Չարորակ նորագոյացությունները սկսել են ավելի ուշ փուլերում հայտնաբերել․ Արմեն Մուրադյան

Չարորակ նորագոյացությունները սկսել են ավելի ուշ փուլերում հայտնաբերել․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ չարորակ նորագոյացությունները սկսել են ավելի ուշ փուլերում հայտնաբերել:

«Ցավոք, COVID-19-ը բացասաբար է ազդում նաև ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա․․․

Վիճակագրությունը ցույց է տալիս՝ վերջին 2 տարիներին չարորակ նորագոյացությունները սկսել են ավելի ուշ փուլերում հայտնաբերվել: Կորոնավիրուսի թողած անուղղակի ազդեցությունն է առողջապահական համակարգի վրա։

Մենք իրականում ունեինք հաջողություն, 50 տոկոս՝ 1-2-րդ փուլերում, դա լրջագույն ցուցանիշ է, հիվանդությունները չեն սպառվելու, ինքնուրույն չեն բուժվելու, մենք նրանց հանդիպելու ենք արդեն 4-րդ փուլում:

Համալսարանականները վերլուծել են, եթե 2019 թ. 1-2-րդ փուլերում հայտնաբերվում էր չարորակ նորագոյացությունների 50.4%-ը, ապա 2020 թվականին՝ 8.4%-ով ցածր՝ 42%-ը: Այդ ցուցանիշը ցածր է նույնիսկ 2016 թ. տվյալներից 3%-ով: Փոխարենն աճել են 3-րդ և 4-րդ փուլերում հայտնաբերելու դեպքերը՝ 3-րդ փուլում է հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ 4-րդ փուլում՝ 32.6%-ը, որը կրկին բարձր է 2019 թ. ցուցանիշից: Պատճառներից մեկը՝ սկրինինգային հետազոտությունների նվազումն է։ Որոշ դեպքերում նույնիսկ չեղարկվել են կամ հետաձգվել տարբեր պատճառներվ, և՛ մարդիկ են խուսափել, և՛ հաստատություններն են ծանրաբեռնված եղել: Մինչդեռ նորագոյացությունների դեպքում ամեն անցնող օր իր ազդեցությունը կարող է ունենալ բուժման ընթացքի ու ելքի վրա: Այն ուռուցքները, որոնք հեշտ էին բուժվում՝ կրծքագեղձի, հաստ աղու և այլն, հայտնվելով 3-4-րդ փուլում, ավելի բարդ են լինելու: Ավելի երկար է տևում, ավելի ծախսատար է, հոգեբանական ավելի բարդ է:

Պատկերն այլ կլիներ, եթե կորոնավիրուսը լիներ կառավարելի, բժիշկների ձեռքերը՝ ազատ։ Սպիտակ բանակի զինվորների ռեսուրսներն անսպառ չեն՝ կորոնավիրուսի ծանր վիճակագրությունը պատճառ է դառնում, որ ծանր լինի նաև ոչ վարակիչ հիվանդությունների վիճակագրությունը՝ քաղցկեղ, շաքարային դիաբեդ, սիրտ-անոթային:

Ես ցավ եմ ապրում, երբ սպառնալիքներով փորձում են ժողովրդին բացատրել՝ ինչու պետք չէ պատվաստվել, մենք չենք կարող անվերջ զբաղվել մի հիվանդությամբ, հիմա թվերն էլի աճում են, օրերի դինամիկան նայեք, կտրուկ աճ է դիտվելու, էլի ռեանիմացիաները լցվելու են հիվանդներով, էլի չենք զբաղվելու ուռուցքներով»:

  • Կիսվել: