երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունն առանցքային է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

Հասարակության կյանքում բուժաշխատողի դերն ու նշանակությունն առանցքային է. ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Բուժաշխատողների օրվա առիթով ուղերձ է հղել․ 

«Սիրելի՛ բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առիթով:

Այս օրը ևս մեկ հնարավորություն է գնահատանքի խոսքեր հղելու և արժևորելու բուժաշխատողի դերն ու նշանակությունը հասարակության կյանքում:

Բուժաշխատողների նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր հարյուրավոր մարդիկ վերականգնում են իրենց համար ամենաթանկը՝ առողջությունը, հաճախ նաև՝ կյանքը: Նրանց ներկայությունը օգնություն, վստահություն, հոգատարություն է, դժվար պահերին հիվանդի, նրա ընտանիքի կողքին գտնվելու կարևոր առաքելություն

Բուժաշխատողների դերն ու աշխատանքն առավել ցայտուն արտահայտվեց, ինչպես Covid-19 համավարակի, այնպես էլ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, երբ հազարավոր բուժաշխատողներ հայտնվեցին առաջնագծում` փրկելով բազմաթիվ մարդկանց կյանքն ու առողջությունը:

Ուզում եմ ընդգծել, որ պաշտոնական վիճակագրությամբ 2021թ.-ին Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը կազմել է 10.582, որը գերազանցել է 2020թ.-ի ցուցանիշին, սակայն հարկ է նշել, որ որոշ կարևոր մասնագիտությունների մասով արձանագրվել է ցուցանիշների նվազում: Այսպես, առողջապահության հիմք հանդիսացող անմիջական բժշկական օգնություն իրականացնող ընտանեկան բժիշկների թիվը ԱԱՊ օղակում 2016թ.-ից նվազել է 6%-ով, տեղամասային թերապևտներինը՝ 12%-ով և տեղամասային մանկաբույժներինը՝ 14%-ով:

Վերոնշյալ մասնագետների թվի նվազումն առավել մտահոգիչ է՝ հաշվի առնելով նրանց դերը ԱԱՊ օղակում, որը համարվում է առանցքային մարդու առողջության պահպանման ու ամրապնդման, հիվանդությունների կանխարգելման և բուժման գործում:

Հարկ է նշել, որ Հայաստանում անմիջական բժշկական օգնություն իրականացնող բժիշկների թիվը 1000 բնակչի հաշվով կազմել է մոտ 3.5, որը համապատասխանում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների համանուն ցուցանիշին՝ 3.5: Հետևաբար, Հայաստանում չկա ավագ բուժաշխատողների թվի ավելցուկ:

Առողջապահական համակարգում առանցքային է նաև միջին բուժանձնակազմի դերը բժշկական օգնության և սպասարկման որակի ապահովման հարցում:

Տարիների ընթացքում թյուր կարծիք է ձևավորվել, որ մեր երկրում կա բուժքույրերի թվի ավելցուկ, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Հայաստանում վերջին 4 տարում միջին բուժաշխատողների թիվը շարունակաբար կրճատվում է։

Այսպես, 2021 թվականին Հայաստանում միջին բուժանձնակազմի թիվը եղել է 16.528, որը զիջում է 2020 թվականի ցուցանիշին` 16.612: 2021թ.-ին 10.000 բնակչի հաշվով եղել է 56.5 միջին բուժաշխատող, որը էապես ցածր է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ 36 երկրների միջին ցուցանիշից՝ 88, ինչը վկայում է, որ Հայաստանում միջին բուժաշխատողների թվի ավելցուկ ևս չկա:

Դեռ ավելին, միջին բուժաշխատող/ավագ բուժաշխատող փոխհարաբերությունը Հայաստանում 2016-2020թթ. ընթացքում շարունակաբար վատթարացել է՝ 1.32-ից հասնելով 1.16-ի, որը ամենացածր ցուցանիշներից է։

Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրերի դարբնոց համարվող մայր բուհի շրջանավարտների թիվը 2021թ.-ին կազմել է 1044, որը վերջին տարիներին գրանցած առավելագույն ցուցանիշն է:

ԵՊԲՀ-ն, որն այժմ գտնվում է միջազգային հավատարմագրման փուլում, իր մեկդարյա պատմության ընթացքում մշտապես կարևորել է կրթական ծրագրերը և դրանց շարունակական բարելավումը` առաջնահերթություն համարելով ապագա բժիշկների մեջ սերմանել բարձր մասնագիտական որակավորում և արժեքներ, կայուն գիտելիք ունենալու, շարունակաբար կատարելագործվելու և ժամանակին համահունչ հմտություններ ձեռք բերելու անհրաժեշտության գիտակցումը:

Թանկագին բուժաշխատողնե՛ր, շնորհավորում ենք բժշկական համակարգի նվիրյալներիդ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում առողջություն, անվտանգ գործունեություն, ուժ ու կորով ձեր ամենօրյա բարդ ու պատասխանատու առաքելության մեջ:

Հունիսի 21-ին Հայաստանը նշում է Բուժաշխատողի օրը (բժշկական անձնակազմի օր), որը նախկինում տոնում էին Խորհրդային Միությունում և մինչ օրս շարունակում է նշվել հետխորհրդային շատ երկրներում։

Խորհրդային Միությունում օրը նշվում էր 1980 թվականից ի վեր ամեն տարի` հունիսի 3-րդ կիրակին, և կոնկրետ ամսաթիվ սահմանված չէր: Հայաստանում 2009 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ Բուժաշխատողի օրը հունիսի 21-ն է»:

  • Կիսվել: