Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է որոշակի առաջընթացով, սակայն կողմերը վերջնական արդյունքի չեն հասել. Օմանի ԱԳՆ
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Օմանի արտգործնախարարը ներկայացրել է տարբեր գաղափարներ, որոնք կարող են առաջընթացի հանգեցնել ապագա փուլերում, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ Հռոմում Իրանի ազգային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Արաղչին ասել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։
«Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման մասին»,-ասել է նա։
Իրանցի բարձրաստիճան բանակցողը հավելել է, որ «Օմանի արտգործնախարարը առաջարկություններ է ներկայացրել [բանակցություններին] խոչընդոտները վերացնելու համար։ Հաջորդ փուլում կքննարկվեն համապատասխան մայրաքաղաքների տեսակետներն այս առաջարկությունների վերաբերյալ»։
«Բանակցությունները չափազանց բարդ են մի քանի կարճ հանդիպումներում ավարտելու համար։ Առաջիկա հանդիպումներում մենք կընդունենք որոշումներ, որոնցով, գուցե, կարողանանք առաջ շարժվել։ Մենք դեռ այդ փուլին չենք հասել»,-ասել է Արաղչին։
Հավելենք, որ Օմանի ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է որոշակի առաջընթացով, սակայն կողմերը վերջնական արդյունքի չեն հասել: