Բուժառուների մահվան մեջ մեղադրվող հայտնի էսթետիկ վիրաբույժը գործել է ապօրինի. Մանրամասներ վիրահատական դանակի տակ մնացած կնոջ գործից
2024 թվականին Երևանում գործող «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում բժիշկ Արթուր Սարգսյանի կողմից իրականացվող վիրահատության ժամանակ մահացել էր 56-ամյա Զաբել Կարապետյանը։ Վերջինի ամուսինը մեղադրում է բժշկին, քանի որ, ինչպես պարզվել է, բժիշկը միաժամանակ կնոջ մարմնի հինգ հատվածներում վիրահատություն էր սկսել։
Ամուսինը պատմել էր, որ կինը ոտքի փոքրիկ գունդ ուներ, դա և որովայնի ճարպը հեռացնելու համար Գերմանիայից եկել էր Հայաստան։ Ողբերգությունից հետո է պարզվել՝ կնոջ թևերը, կզակը, աչքերի տակը, որովայնը, հետույքը վիրահատական դանակի տակ են ընկել։
«Ոտքին մի գնդիկ էր։ Ու որովյանը։ Ես կողքը չեմ եղել։ Համոզել են, ինքն էլ կին արմատ է, փրթել են ու փրթել են ու փրթել»,-ասել էր ամուսինը։
Բժիշկ Արթուր Սարգսյանը չէր ընդունել իրեն ուղղված մեղադրանքները։ Նա հայտարարել էր, որ բուժառուի մահը վրա է հասել սրտամկանի սուր ինֆարկտից։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեպքից անցել է մեկ ու կես տարի։ Ի՞նչ փուլում է նախաքննություն, ի՞նչ են պարզել դրա շրջանակում նշանակված փորձաքննությունները։
Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից հայտնեցին, «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնում իրականացրած վիրահատությունների ժամանակ մահացած անձանց մահվան պատճառները և քննությամբ հետաքրքրություն ներկայացնող մյուս հանգամանքները պարզելու նպատակով նշանակել են դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։
Հիշեցնենք, որ 56-ամյա կնոջ մահվան մասին հայտնի դարձավ 2024 թվականի հոկտեմբերի 10-ին։ Դրանից առաջ կենտրոնում մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել։ Ողբերգական դեպքերից 16 ամիս ու ավելի անց նշանկված փորձաքննությունների արդյունքները դեռ չկան։
Քննչական կոմիտեից հարցրել էինք նաև՝ կա՞ բժիշկ Արթուր Սարգսյանի գործունեության սահմանափակում։ Հիշեցնենք, այս բժշկի դեմքով գովազդային ցուցապաստառներ կարելի էր հանդիպել Երևանի տարբեր մասերում, նրա հիմնադրած «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժական կենտրոնն էլ ակտիվ գովազդվում էր սոցիալական ցանցերում։
«Նշված բժշկական կենտրոնի վիրաբույժ Արթուր Սարգսյանին տրված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիան ՀՀ առողջապահության նախարարության կողմից կասեցվել է, իսկ վարույթն իրականացնող նախաքննական մարմնի կողմից Արթուր Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով։ Որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը»,-հայտնեցին ՔԿ-ից։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 407 հոդվածը վերաբերում է բուժօգնության և սպասարկման ապօրինի իրականացնելուն։ Ստացվում է, որ Արթուր Սարգսյանը նման միջամտություններ կատարել է ապօրինի՝ չվախենալով դրանց մասին լայնածավալ իրազեկում իրականացնել։ 407 հոդվածը սահմանում է.
1. Առանց օրենքով նախատեսված հատուկ թույլտվության (լիցենզիա) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը`
պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Ապացուցողական բժշկության սկզբունքների վրա չհիմնված գործողությամբ կամ համապատասխան բժշկական օգնության և սպասարկման տեսակն իրականացնելու համար մասնագիտական գիտելիքների կամ տեխնոլոգիաների շրջանցմամբ բժշկական գործառույթ իրականացնելը, եթե դա անզգուշությամբ միջին կամ թեթև ծանրության վնաս է պատճառել մարդու առողջությանը` պատժվում է տուգանքով` քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:
457 հոդվածը վերաբերում է փաստաթղթերի, դրոշմների, կնիքների, ձևաթղթերի կեղծմանը և կեղծ փաստաթղթեր, կնիքներ, ձևաթղթեր իրացնելուն, պատրաստելուն ու օգտագործելուն։ Հոդվածի 1-ին մասը սահմանում է.
Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց կազմակերպության, առևտրային կամ այլ կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի, աուդիտորի կամ փաստաթուղթ կազմելու, տալու կամ դրա իսկությունը հավաստելու համար լիազորված այլ անձի կողմից տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կամ իրավունք վերապահող կամ պարտականությունից կամ պատասխանատվությունից ազատող փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից այն օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակով կեղծ դրոշմ, կնիք կամ ձևաթուղթ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև կեղծ փաստաթուղթ օգտագործելը պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:


