երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

Խաղողագործները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց

Մի խումբ խաղողագործներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։

Գյուղացիներն ասում են, թե դաշտում խոշոր խաղացողներից մեկը՝ «Նոյ» գործարանը չի մթերում՝ ասելով, թե տարաներ չունեն։

«Էդ հարցը պետք ա կառավարությունը պարզի, ինքն է մեղավոր, որ չի կարողանում ընդհանուր հայտարարի գա։ Բա էսօր խոշորագույն խաղացողը դուրս է գալիս մթերման դաշտից, բա չասե՞ս՝ 30 հազար տոննա բացը որտեղ տեղավորեմ։ Արմավիրում 30 հազար տոննա խաղող է մնացել, փոքր գործարաններ են մթերում՝ ինքնարժեքից էլ ցածր գնով։ Բոլորս էլ վարկի տակ ենք, թող վարչապետը գա, պատասխանի՝ ուր տանենք էս խաղողը», - ասաց խաղողագործը։

Գյուղացիները պնդում են, որ միայն «Նոյ» գործարանի բացումից հետո հարցը կարող է լուծվել։ «Ունեմ 30 տ խաղող, օրական կորցնում են 500 կգ խաղող։ Այս մարդիկ չեն ուզում տղամարդավարի ասեն` մենք անզոր ենք այս հարցը լուծել։ Օր օրի հայկական կոնյակի հեղինակությունը միջազգային շուկայում ընկնում է։ Նախորդ իշխանությունների  կողմից օրենք է ընդունվել, որ հայկական կոնյակը և գինին պետք է պատրաստված լինեն բացառապես հայկական խաղողից, չեն հետևում դրան, իրենք բացարձակ անզոր են։ Այդքան զոհ տված գյուղացիները իրավունք ունե՞ն արժանապատիվ ապրել Հայաստանում։ Եթե չեն կարողանում դա ապահովել, թող գնան նստեն իրենց տներում, արժանավոր մարդիկ գան, ղեկավարեն այս երկիրը»,– ասաց խաղողագործներից մեկը։

Գյուղացիները նշում ենք, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Նոյ» գործարանի հետ ունեցել են 15 տարվա պայմանագիր, ըստ որի՝ պետք խաղողը վաճառեն 150 դրամով, սակայն վերջին պահին իմացել են, որ ինքը չի մթերում։ 

«Կարող էին մեզ գարնանը ասել, որ չեն մթերում։ Փաստացի Արմավիրի մարզում 30 տ խաղող չի մթերվում, մի մասը ինքնարժեքից ցածր գնով մթերում են փոքր գործարանները, բայց դա հարցը չի լուծում»,– ասաց նա։

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, որ լուծումներ են առաջարկվել հարցի լուծման համար, գյուղացիները նշեցին, թե Վահան Քերոբյանը ոչ մի հարցից տեղյակ չի և ոչ մի հարց չի լուծվել։ 

  • Կիսվել: