երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցյալ տարի հայտնաբերել է բնությանն ու պետությանը հասցված ավելի քան 5 մլրդ դրամի վնաս

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն անցյալ տարի հայտնաբերել է բնությանն ու պետությանը հասցված ավելի քան 5 մլրդ դրամի վնաս

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը (ԲԸՏՄ) 99,3 տոկոս կատարողականով է ամփոփել 2023 թվականը: Անցյալ տարի կառույցի աշխատակիցների արդյունավետ աշխատանքը էականորեն նպաստել է ոլորտում տիրող իրավիճակի բարելավմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօրվա միջոցառման ժամանակ ներկայացրած հաշվետու զեկույցում նշեց ԲԸՏՄ ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանը:

Նա ընդգծեց, որ անցյալ տարի տեսչական մարմինն աշխատել է ծանրաբեռնված և հիմնականում կատարել է իր առջև դրված խնդիրները։ Նշվեց, որ 2023-ին կառույցի առաջնային ուշադրության կենտրոնում են եղել ընդերքի, ջրային ռեսուրսների, կենդանական և բուսական աշխարհի օգտագործման և պահպանության, մթնոլորտի պահպանության խնդիրները:

Դրանց վերաբերյալ ընդհանուր առմամբ գրանցվել է 2544 իրավախախտման դեպք: 2022 թվականի (2393) համեմատ խախտումների քանակն ավելացել է 6,3, իսկ 2021-ի (2083)՝ 22,1 տոկոսով։ Հարուցվել է 1352 վարչական վարույթ: Դա 45,4 տոկոսով գերազանցում է 2022 թվականի (930) և 31,9 տոկոսով՝ 2021 թվականի (1025) ցուցանիշը: 872 անձի նկատմամբ կիրառվել է ընդհանուր առմամբ 1116 վարչական տույժ: Դա 9,2 տոկոսով շատ է 2022-ի ցուցանիշից (1022), սակայն 2,4 տոկոսով քիչ է 2021 թվականին (1144) կիրառված տույժերի քանակից:

Սահմանված վարչական տուգանքների չափը 2023-ին կազմել է 135 մլն 750 հազար դրամ: 2022-ին տուգանքների չափը կազմել է 99 մլն 160 հազար, իսկ 2021-ին՝ 103 մլն 490 հազար դրամ:

Բնությանն ու պետությանը հասցվել է 5 մլրդ 176 մլն 182 հազար 531 դրամի վնաս: ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 143 մլն 868 հազար 695 դրամ։ Գանձումների գործընթացն օրենքով սահմանված կարգով շարունակվում է:

Վրեժ Գալոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարվանից ԲԸՏՄ-ն ընդերքի վերահսկողության ոլորտում ակտիվորեն կիրառում է օրթոֆոտո պատկերների միջոցով ծավալային տվյալների ստացման թվային տեխնոլոգիան։ Այդ եղանակով Արաքս գետի հունի ողջ երկայնքով կատարած ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խախտումների փաստով կասեցվել է երկու ոչ բարեխիղճ տնտեսվարողի գործունեություն:

Բանախոսը հայտնեց, որ լաբորատոր հետազոտությունների արդյունավետության բարձրացման նպատակով 2023 թվականին ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ և կրճատել աշխատաժամանակը հատկապես փոշու, ծխագազերի, ջրի քանակական և որակական չափագրում կատարելիս: Դրանց օգտագործմամբ կատարվել է 964 լաբարատոր հետազոտություն:

Նշվեց նաև, որ նախորդ տարի ԲԸՏՄ 60 աշխատակից մասնակցել է Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կրթահամալիրի և Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի հետ համագործակցությամբ կազմակերպած վարչարարության և թվային տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացմանն ուղղված բուհական մակարդակի մասնագիտական դասընթացների: Եվս 30 աշխատակից դասընթացներին կմասնակցի այս տարի:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն էլ իր ելույթում արձանագրեց, որ 2023-ը բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ինստիտուցիոնալ կայացման հերթական կարևոր տարին էր: Նրա խոսքով՝ գործընթացին նպաստել է նաև գրասենյակի և տեսչական մարմնի անընդհատ և սերտ համագործակցությունը:

«Անցյալ տարի նկատելի էր նաև ապօրինի հանքավայրերի հայտնաբերման հարցում տեսչական մարմնի աշխատակիցների կատարած աշխատանքը: Այդ առումով կցանկանայի շեշտել նաև տեսչական մարմնի և իրավապահ մարմինների միջև համագործակցության բարձր մակարդակը: Պետական մարմինների միջև նման օրինակելի համագործակցությունը բարձր նշաձող է սահմանում ոլորտում ներգրավված մյուս շահագրգիռ մարմինների համար»,- ասաց Մարտիրոսյանը:

Իր հերթին, ԲԸՏՄ ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ աշխատանքի բարձր նշաձող է սահմանվել նաև 2024 թվականին: Այս տարի նախատեսվում է իրականացնել ծրագրային 180 և գրեթե նույն քանակի արտածրագրային ստուգում: «ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2024-ին նույնպես մեզ համար գերակա են լինելու ընդերքօգտագործման, ընդերքի ու ջրային ռեսուրսների պահպանության ոլորտները»,- ընդգծեց նա:

Վերջում շնորհակալագրեր հանձնվեցին տարվա ընթացքում առավել աչքի ընկած ԲԸՏՄ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներին:

2024-ին, ինչպես նախորդ տարի, ԲԸՏՄ կապիտալ ծախսերը կազմելու են 58 միլիոն 130 հազար դրամ: Անցյալ տարի այն ամբողջությամբ իրացվել է: Այս տարի արդեն հայտարարվել են գնումներով նախատեսված բոլոր մրցույթները:

  • Կիսվել: