Գերագույն ռադա է ներկայացվել ԱՄՆ-ի հետ ընդերքի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը
Ուկրաինայի կառավարությունը Գերագույն ռադա է ներկայացրել բնական պաշարների վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է վարչապետ Դենիս Շմիհալը։
Նա նշել է, որ ներկայացվել է նաև համաձայնագրի տեքստը։ «Կառավարությունը հույս ունի ստանալ խորհրդարանականների աջակցությունն այս համաձայնագրի արագ վավերացմանը»,-գրել է վարչապետը:
Ավելի վաղ խորհրդարանի անդամ Յարոսլավ Ժելեզնյակը հայտնել էր, որ վավերացման քվեարկությունը նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին։
Ըստ համաձայնագրի՝ Կիևը նոր տարածքներում հանքանյութերի արդյունահանման նոր լիցենզիաներից և վարձակալություններից ստացված բոլոր եկամուտների 50%-ը կհատկացնի ստեղծվող երկկողմ ներդրումային հիմնադրամին։ ԱՄՆ-ն և Ուկրաինան հավասար ձայներ կունենան հիմնադրամի կառավարման գործում։ Համաձայնագիրը չի նախատեսում Ուկրաինայի ուղղակի պարտքային պարտավորություններ ԱՄՆ-ի նկատմամբ։
Գործունեության առաջին 10 տարվա ընթացքում ֆոնդը շահաբաժիններ չի վճարելու և նրա ամբողջ եկամուտը վերաներդրվելու է Ուկրաինայում։ Ներդրումները կուղղվեն հանքանյութերի մշակմանն ու վերամշակմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացմանը։
Ինչպես նշել է Շմիհալը՝ համաձայնագիրն անժամկետ է։