երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բնակարանների ռենովացիայի համար աջակցության ծրագրի՝ պետության կողմից սուբսիդավորման սկզբունքը կփոխվի. մանրամասներ

Բնակարանների ռենովացիայի համար աջակցության ծրագրի՝ պետության կողմից սուբսիդավորման սկզբունքը կփոխվի. մանրամասներ

2022-ի հունիսին մեկնարկած Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության (ռենովացիա) ծրագիրը սպասվածից հաջող է ընթացել: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանը:

Մինչև ծրագրի ավարտը նախատեսվում էր, որ շահառուների թիվը կլինի 2000, սակայն այն անցել է 3000-ը, դա է եղել պատճառներից մեկը, որ առաջարկվել է ևս 1 տարով երկարաձգել ծրագիրը:

Ծրագրի ավարտը նախատեսված էր 2023 թվականի հուլիսի 1-ին, բայց քանի որ, ըստ Հովհաննես Աբրահամյանի, նախարարությունն օրական հազարավոր զանգեր էր ստանում ծրագիրը շարունակելու մասով, որոշում է կայացվել այն երկարաձգել մինչև տարեվերջ: Որոշման համար որոշիչ է եղել նաև ծրագրի վերջին ամսվա ընթացքում ստացված հայտերի թիվը՝ 750:

Ըստ Հովհաննես Աբրահամյանի՝ ծրագրով նախատեսվում է բնակարանի վերանորոգման համար վարկ տրամադրել, որի 30 տոկոսը պետք է էներգաարդյունավետ բաղադրիչի վրա ծախսվի, այսինքն՝ բնակարանների դեպքում՝ 20 տոկոսը, իսկ բնակելի տների համար՝ 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգարդյունավետ ծրագրեր իրականացնելու համար: Դա ենթադրում է ավելի էներգաարդյունավետ պատուհանների և դրսի դռան փոխարինում, տանիքի վերանորոգում, էներգաարդյունավետ նյութերով պատերի հաստացում, արևային ջրատաքացուցիչների և արևային ֆոտովոլտային պանելների տեղադրում:

Կառավարության հունիսի 29-ի նիստին որոշում կայացվեց երկարաձգել ծրագիրը մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը՝ փոխելով սուբսիդավորման սկզբունքը: Նախկինում վարկը Երևանի համար հասանելի էր 5 տոկոսով, գյուղական բնակավայրերի համար՝ 2 տոկոսով, մարզային քաղաքների համար՝ 3 տոկոսով, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի համար՝ 0 տոկոսով:

«Հիմա ասում ենք, որ պետությունը քաղաքացուն կտրամադրի սուբսիդիա հետևյալ հաշվարկով. սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում կտրամադրի 14 տոկոս սուբսիդիա, այսինքն՝ կսուբսիդավորի վարկի տոկոսադրույքի 14 տոկոսը, գյուղական բնակավայրերում կսուբսիդավորի 12 տոկոսը, քաղաքային բնակավայրերում՝ 11 տոկոսը, Երևանում՝ 9 տոկոսը»,- պարզաբանեց ՏԿԵՆ էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետը:

Հիշեցնենք, որ Կառավարության հունիսի 29-ի նիստին, անդրադառնալով որոշմանը, ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դրա նպատակներից է եղել շինարարության ոլորտում նոր աշխատատեղեր ստեղծելը. «Սրանով էներգախնայողության հարց է լուծվում, որ մեր հայրենակիցները այս ծախսերի արդյունքում ավելի քիչ կոմունալ վճարներ վճարեն և երկարաժամկետում այս վարկը իրենց համար դառնա կապիտալ ներդրում: Մենք ուզում էինք նաև զբոսաշրջության աճի ֆոնին այս ծրագիրը դառնա օգտակար, որպեսզի մարդիկ հատկապես գյուղական բնակավայրերում կառուցած իրենց հսկայական տները, որոնց 10-20 կամ 30-50 տոկոսն է օգտագործվում, հարմարեցնեն այդ բնակարանի ռեալ չօգտագործվող հատվածներում հյուրատներ կառուցելու համար», գրում է 1lurer.am-ը:

  • Կիսվել: