«Բելաջիո»-ի մոտ «Toyota»-ն բախվել է «Ford Focus»-ին, հայտնվել թունելի սկզբնամասում՝ փակելով ճանապարհը․ եզրաքարերին բախվելուց վնասվել են «Nissan»-ն ու BMW-ն․ կա վիրավոր
Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արցախի Հանրապետության քաղաքացի 19-ամյա Յուրի Ե․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա բախվել Հայկանուշ Լ․-ի վարած «Ford Focus» մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով բախվել թունելի բետոնե հենապատին և հայտնվել դեպի Հերացի թունել տանող հատվածի սկզբնամասում՝ փակելով ճանապարհի ողջ երթևեկելի գոտին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ է գործել նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով բետոնե եզրաքարերին հարվածելու պատճառով մի քանի եզրաքար շպրտվել ու վնասել են Արսեն Մանասյանի վարած «Nissan Armada» և մեկ այլ քաղաքացու BMW մակնիշի ավտոմեքենան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և քննիչ Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից «Toyota»-ի վարորդի առջև խոչընդոտ ստեղծելը։ Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է։