երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Ներկայացվել են Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ․ հատկացումները

Ներկայացվել են Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027թ․ հատկացումները

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 2-ին Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկման ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2027 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը՝ անդրադարձել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության գալիք տարվա բյուջետային հատկացումներին։

Նրա խոսքով նախարարության բյուջեն կազմում է 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ, որը 91 միլիարդ դրամով ավելի է, քան 2026 թվականի հաստատված բյուջեն: Նախարարությունն իրականացնելու է 18 ծրագիր, որոնք վերաբերում են սոցիալական քաղաքականության հիմնական բաղադրիչներին:

Նախարարը նշել է, որ պետական բյուջեի ծախսերի նկատմամբ այս նախարարության բյուջեն կազմում է մոտ 27 տոկոս, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ՝ 8 տոկոս:

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է նախարարության իրականացվելիք ծրագրերը։ Նա նշել է, որ, մասնավորապես, «Պարգևավճարներ և պատվովճարներ», ծրագրի իրականացման համար նախատեսվում է տրամադրել 10 միլիարդ 489 միլիոն դրամ, որի շրջանակում պարգևավճարներ կստանա 37,300 շահառու:

Ըստ նախարարի՝ «Անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական խմբերի աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով նախատեսվում է տրամադրել 16,7 միլիարդ դրամ։

Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը վերաբերող ծրագրին նախատեսվում է ուղղել 6 միլիարդ դրամ, որն ավելի է 2026 թվականի հաստատված բյուջեից 346 միլիոն դրամով։

Հաջորդ՝ ժողովրդագրական վիճակի բարելավմանը միտված ծրագրին 2027 թվականին նախատեսվաում է հատկացնել 83,4 միլիարդ դրամ. բյուջեի հատկացումները 2026 թվականի համեմատ կավելանան 357 միլիոն դրամով: Ծրագրի շրջանակում կտրամադրվեն երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստները։

Անաշխատունակության դեպքում սոցիալական աջակցությանը վերաբերող ծրագրի իրականացմանը նախատեսվում է ուղղել 29,8 միլիարդ դրամ, որը 2026 թվականի համեմատ ավելի է 3,8 միլիարդ դրամով: Ծրագրով նախատեսվում է վճարել ժամանակավոր անաշխատունակության նպաստները, մայրության նպաստը և աշխատանքի ընթացքում առողջությանը հասցված վնասների փոխհատուցումը։

Զբաղվածության ծրագրի համար նախատեսվել է 2,93 միլիարդ դրամ։

Բնակարանային ապահովման ծրագրին նախատեսվում է ուղղել 19,8 միլիարդ դրամ. աճը կազմել է 4,2 միլիարդ դրամ։

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին։

  • Կիսվել: