չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից

Գովազդային վահանակներն ամբողջությամբ հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի վարչական տարածքում ապամոնտաժվել է 417 գովազդ, որոնք տեղադրվել էին առանց համապատասխան թույլտվության: Ապամոնտաժվել են նաև 16 մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակներ: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:  

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն օրինակներով ցույց տվեց, թե ինչպիսի գովազդների ապամոնտաժման մասին է խոսքը, ապա հիշեցրեց, որ մեծ տեղեկատվական դաշտով գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը մեկնարկել էր դեռ անցած տարվանից: Դրանք հեռացվել են Բաղրամյան պողոտայից և Կիևյան կամրջից:

«Ապամոնտաժումից հետո վիզուալ տարբերություն կա, այսինքն՝ վիզուալ աղմուկն ամբողջությամբ այդ փողոցներում վերացել է, և ակներև է դրական փոփոխությունը»,- ասաց Գրիգորյանը:

Քաղաքապետի տեղակալը զեկուցեց, որ գովազդային չափորոշիչների երկրորդ շատ տեսանելի արդյունքն իմպլեմենտացիան է առանց ֆոնի, այսինքն՝ շենքի ճակատը փակելու արգելքով օրինակներն են:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա գարնանից համապատասխան կազմակերպությունները տեղեկացվել էին գործընթացի մասին, չնայած մինչև վերջերս էլ որոշակի դժգոհություն կար:

«Բայց, կարծում եմ, որ այն չափորոշիչները, որոնք մենք հաստատել ենք նախորդ տարի, իրապես լավագույն փորձառությունն են ներառում, և Երևանում տեսողական աղմուկը վերացնելու տեսանկյունից շատ կարևոր նախաձեռնություն էր, և փաստացի, այս գործընթացը պետք է շարունակաբար առաջ տանենք, որպեսզի, իրապես, այն հատվածներում նամանավանդ, որտեղ ունենք պատմամշակութային հուշարձաններ, որտեղ ունենք գեղեցիկ ճարտարապետություն, տեսքը բացվի քաղաքի»,- ասաց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ մյուս խնդիրն օդում կախված լարերը վերացնելն է:

«Այս տարի, կարծում եմ՝ այդ քննարկումը նվազագույնը Փոքր Կենտրոնի վերաբերյալ ավելի կզարգացնենք, և հուսով եմ՝ կդարձնենք ծրագիր, և ոչ միայն այն 28 փողոցները, որոնք նախկինում ունեինք, այլև ամբողջ Փոքր Կենտրոնը, և դրանից հետո կանցնենք մյուս վարչական շրջաններ, որովհետև այս կախված լարերը մեր հաջորդ խնդիրն են լինելու»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: