հինգշաբթի, հունիս 20
20 / 6 / 2024
Աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Շիրակի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի աշխատակազմի պատասխանատուների և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:
 
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցն առնչվել է մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի 2025թ․ հայտերին։ Ըստ այդմ, 2025-ի համար մարզի համայնքների կողմից ներկայացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 40 սուբվենցիոն ծրագրային հայտեր՝ 180 ենթածրագրերով, որոնց ընդհանուր արժեքը շուրջ 12 մլրդ դրամ է, Կառավարության համամասնությունը՝ 6,5 մլրդ դրամ։
 
Գյումրին ներկայացրել է՝ 6, Ախուրյանը՝ 8, Արթիկը՝ 9, Անին՝ 3, Աշոցքը՝ 9 , Ամասիան՝ 5 ծրագիր։
Մուշեղ Մուրադյանն անդրադարձել է ներկայացված ծրագրերի առաջնայնությանն ու կարևորությանը․ «Մեր համայնքների համար պետք է կարևոր հանգամանք լինի ներկայացված ծրագրերի առաջնայնությունը, խոսքս խնդիրների լուծման հրատապության, համայնքների բոլոր բնակավայրերի ընդգրկվածության մասին է, բնականաբար, նորություն ասած չեմ լինի՝ որևէ դեպքում նաև աչքաթող չպետք է արվեն արդեն մեկնարկած ու ընթացքի մեջ գտնվող ծրագրերի որակական մասն ու ժամկետներում տեղավորվելու հանգամանքը»։
 
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրերով իրականացված աշխատանքներին, մշտադիտարկման խմբի կողմից այցելությունների ժամանակ արձանագրված թերությունների վերացմանը։ Մարզպետը հորդորել է համայնքների ղեկավարներին լինել խիստ հետևողական աշխատանքներին հետևելիս, ուշադրություն դարձնել նաև նախագծող ընկերությունների կատարած աշխատանքներին, քանզի որոշ նախագծային աշխատանքներում բացի թույլատրելի շեղումներից, մշտադիտարկման աշխատանքային խումբը նախանշել է անգամ տրամաբանական ու անթույլատրելի սխալներ, որոնք պետք է բացառվեն։
 
Օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված և մարզում բնակություն հաստատած ընտանիքներ կատարած այցերին և հումանիտար օգնության բաշխմանն առնչվող հարցեր։
 
Շիրակի մարզպետի հանձնարարականով մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցներն այցելություններ են ունեցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և մարզում բնակվող ընտանիքներ։ Ապրիլից մինչ օրս պատասխանատուները եղել են 127 ընտանիքներում, լսել նրանց մտահոգությունները, գույքագրել նոր կարիքներ, տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն։
 
«Այցելությունները պետք է կրեն պարբերական բնույթ, մեր հայրենակիցները պետք է իմանան, որ Շիրակի մարզպետի աշխատակազմը հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցելու նրանց, ՀՀ կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայում պետական օժանդակության ծրագրերով նրանց հոգսերը թեթևացնելու համար, մեզ մնում է այցելություններով ունենալ հստակ ուսումնասիրություններ ու տվյալներ և տեղում սատար կանգնել»,- ընդգծել է Շիրակի մարզպետը։
Մարզի համայնքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքներին անդրադառնալիս՝ նշվել է, որ կատարվել է շուրջ 13500 հա աշնանացան ցորենի ցանք, որը ձմեռացման ընթացքում վնասներ չի կրել։ Ընթացքի մեջ են գարնանացանի աշխատանքները, իրականացվել է շուրջ 12000 հա գարնանացան գարու, 160 հա գարնանացան ցորենի, 45 հա եգիպտացորենի, 4500 հա վարսակի, 70 հա տեխնիկական մշակաբույսերի, 2500 հա կարտոֆիլի, 1100 հա բանջարանոցային մշակաբույսերի և 4000 հա կերային մշակաբույսերի ցանք։
 
Ոռոգման սեզոնի ընթացքում ջրի տրամադրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով՝ մարտի 1-ից Շիրակի մայր ջրանցքով կատարվել են ջրի կուտակման աշխատանքներ Կառնուտի ջրամբարում։
 
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև քաղաքաշինական ծրագրերը, ոլորտում առկա հիմնախնդիրներն ու ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև Շիրակի մարզպետի աշխատակազմի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում տնօրենների և վարչատնտեսական մասի համակարգողների, այլ թափուր հաստիքների համալրմանը, առողջապահական հաստատություններում առկա խնդիրներն ու մարզի համայնքների ղեկավարների և համայնքների ավագանիների կողմից ընդունված որոշումների իրավաչափությանը, թերություններով որոշումները ուղղելուն վերաբերող հարցեր:

  • Կիսվել: