Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Կապան-Քաջարան ճանապարհի քարաթափման հետևանքով ավտոմեքենաներ են վնասվել
Այսօր՝ ապրիլի 7-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում քարերի և խճաքարերի թափման հետևանքով 2 ավտոմեքենա է վնասվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:
Ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, չսպասելով «մեծն ճանշինի» ժամանմանը, իրենց ուժերով ճանապարհից հեռացրել են թափված քարերը: Ավտոմեքենաների վնասման փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:


