կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը դանակահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության քրեական հետախուզության օպերլիազորն ու համայնքային ոստիկանը դանակահարվել ու տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ մայիսի 25-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: 30 րոպե անց, դարձյալ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «աջ դաստակի առաջին մատի կտրած վերք» ախտորոշմամբ  ևս մեկ քաղաքացի է տեղափոխվել իրեց մոտ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝  Երևանի բնակիչներ, 25-ամյա Հարություն Դոլմազյանը և 30-ամյա Արթուր Անդրայանը: Պարզվել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ֆուչիկի  2-րդ նրբանցքի 5-րդ շենքի բնակարանից:

Ոստիկանները պարզել են, որ նշված բնակարանի բնակիչ, 61-ամյա Գայանե Ս.-ն ահազանգել է Մաշտոցի ոստիկանություն և հայտնել, որ իր որդին՝  33-ամյա Գագիկ Գ.-ն ցուցաբերում է ագրեսիվ վերաբերմունք, ինչից հետո Ա. Անդրայանն ու Հ. Դոլմազյանը ժամանել են նշված հասցե, դեպքի հանգամանքները պարզելու համար, իսկ այդ ժամանակ  Գագիկ Գ.-ն, դրսևորելով հոգեական անհավասարակշիռ վարքագիծ, իր մոտ եղած 20 սմ ընդհանուր երկարությամբ դանակով հարվածել է Հ. Դոլմազյանի ձեռքին և կրծքավանդակին, իսկ երբ վիրավորին օգնության է հասել Ա. Անդրայանը, որպեսզի վնասազերծի Գագիկ Գ.-ին, վերջինս վնասվածք է պատճառել նաև Ա. Անդրայանին:

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև  Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության  աշխատակիցները, ովքեր ոստիկանների հետ համատեղ կարողացել են Գագիկ Գ.-ին տեղափոխել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»: Փաստի առթիվ ոոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ:  

Գ. Շամշյանի  տեղեկություններքվ՝ վիրավորներից Հ. Դոլմազյանը աշխատում է ոստիկանության Մաշտոցի բաժնում՝ որպես համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ,  իսկ Ա. Անդրայանը՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես օպերլիազոր: 

  • Կիսվել: