չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Երևանում դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ․ ոստիկանները ճշտում են դեպքի հանգամանքները

Երևանում դանակահարության հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա տղամարդ․ ոստիկանները ճշտում են դեպքի հանգամանքները

Ապրիլի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Կիևյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետևանքով տուժած քաղաքացու են տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 44-ամյա Արա Շ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դանակահարության հետևանքով «մարմնի բազմակի վնասվածքներով» ախտորոշմամբ ծանր առողջական վիճակով։

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները, դեպքի վայրը, հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և նախաքննությանը ներկայացնելու ուղղությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

  • Կիսվել: